Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/153

Այս էջը հաստատված է

Անտոնի հետ անտառում երևի մի օյին ենք սարքել։ Ընթրիքից հետո բուխարու մոտ երբ նա ննջեց, ես արագ թերթեցի նրա շարականի գիրքը, բրդե թելը ուրիշ թերթի արանքում դրի, որպեսզի առավոտյան Օհան ապերը զարմանա, թե ե՛րբ կիսեց շարականի հաստ գիրքը, կարդա ու կասկածով նայի մեկ ինձ, մեկ՝ Աշոտին:

Ձմեռվա ընթացքում Խոնարհին երկու անգամ տեսա։ Մի ամիս հիվանդ էր և առողջացավ բարեկենդանի տոներից առաջ։ Ես շատ անգամ էի նրա մասին հարցնում նրա քրոջից։ Եվ ամեն անգամ տարբեր պատրվակով հեռվից հեռու, շատ անգամ իբրև թե պատահաբար, մեջ բերելով ուրիշ խոսք։

Դժվար էր միշտ պատրվակ գտնելը։ Հիշում եմ, երեք օր տեղեկություն չունեի, քաշվում էի հարցնել։ Հանկարծ փոքրիկ աղջիկը գնար և տանն ասեր... Չորրորդ օրը սովորականից շուտ եկա դպրոց։ Քույրը դեռ չէր եկել։ Կանգնել էի մուտքի դռան մոտ։ Աշակերտները վառարանի կողքին տաքանում էին։ Աչքս բլրակին էր։ Հանկարծ երևվաց քույրը, ինձ տեսավ և կարծեց, թե հանդիմանելու եմ ուշանալու համար: Աղջիկը քայլերն արագացրեց և ինձ երբ հասավ՝ շնչակտուր ասաց․

— Խոնարհն արդեն վեր է կացել...

Հետո ես իմացա, որ նա դեռ չորս օր պառկել է։ Աղջիկը սուտ էր ասել:

Բարեկենդանի մի օր Խոնարհին տեսա։ Մեր դիմացի կտրան աղջիկները խաղում էին, իրար ձյունով տալիս և երգեր ասում։ Շատերի ձեռքին խնձոր կար։ Նրանք նոր շորերով էին՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Նրանց մեջ էր Խոնարհը, նրա հագին երկար զոլերով կարմիր չիթ էր։ Ձեռքերը պահել էր գոգնոցի տակ, կանգնել կտուրի ծայրին և նայում էր ավելի փոքրահասակ աղջիկներին, որոնք զվարթ ծիծաղով իրար հրմշտկում էին և վազվզում կտուրների վրա:

Պատշգամբից ես նրան գունատ տեսա և մի քիչ