Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/173

Այս էջը հաստատված է
Ս Ա Բ ՈՒ

Նրանք անտառում են ապրում, և որովհետև անհիշելի ժամանակից ի վեր գյուղը խիտ անտառների մեջ է, ճանապարհներից զուրկ,— Սաբու գյուղի երեխան այնպես է կարծում, թե աշխարհն անվերջ անտառ է, որտեղ մարդը քարուտներում ցանում է կորեկ, իսկ արջերը հավաքում են ընկած կաղինները, ծառերը ճղակոտոր անում և հագեցած պառկում կորեկի արտում։

Անտառն իր կնիքն է դրել Սաբուի վրա։ Ոչ միայն ափսեներն են անտառի փայտից, արորն ու շերեփը, այլև անտառից է նրանց ուտելիքի մեծ մասը՝ վայրի տանձն ու սալորը, զանազան ընդեղեն և արմտիք, որ նույնքան համեղ են նաև անտառի խորքերում ապրող վարազների համար։

Ոչ մի տեղ արջին այնքան լավ չգիտեն, որքան Սաբու գյուղում։ Երեխան էլ կասի, թե արահետի թարմ հետքը արջինն է, թե գայլ է անցել և կամ պախրան է իջել ձորը՝ ջրի։ Նրանց պատմությունների մեծ մասը վայրի գազանների մասին է։

Ահա առասպել մի հերոս, անունը Գեուշ, որի գերեզմանի սուր քարը հիմա էլ սրբատեղ է Սաբու գյուղում։ Ծերունիները երիտասարդ որսորդներին ավանդում են Գեուշի պողպատե թրի մասին, որի մի հարվածով նա կիսում էր արջի գլուխը։ Մի այլ հերոս, որի վրա հարձակվել են երեք արջ, կոխ է բռնել մարդը նրանց հետ, մեկին