Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/176

Այս էջը հաստատված է

լիներ, Սաբու գյուղի աղջիկներին ու կանանց կարելի էր տեսնել աղոթատան կտուրի վրա իրար մոտ կանգնած, որպես գայլից խրտնած հոտ:

Ներսում խավարի մեջ մի քանի հոգի ողբ ասող կանանց նման աղիողորմ հեծկլտում են, ասում աղոթքի արաբերեն բառերը: Ամեն մի երգից հետո ներսը մութի մեջ ձգվում են հարյուրավոր բրդոտ ձեռքեր դեպի երդիկը, վերից կանայք հերթով ներքև են կախում իրենց գունավոր գոտիները: Աղոթատան բազմությունից մեկը խլում է այդ գոտին և ապա, երբ վերջին աղջիկն ամոթխած արձակում է բարակ գոտին, աղոթքից հետո բազմությունը խուժում է դեպի անտառ, քարշ տալով կանանց և աղջիկներին, որոնց գերի են 10 վարում հենց այդ գոտիներով: Այդ գիշեր ոչ լուսին կա, ոչ աստղալույս: Հին աղոթատանը մինչև լուսաբացի վերադարձը հեծկլտում ու աղոթում են պառավները:

Արաքսի մյուս ափին մի գիշեր երևաց ոտքից գլուխ կանաչ հագած սեյիդը, հին աղանդի մարգարեն, որ երբեմն հեռավոր Իրանից ծպտյալ անցնում էր սահմանը և հասնում մինչև Սաբու:

Սեյիդն անցավ սահմանը, և նրա մետաքս զգեստի փեշերին, երբ ձին ճեղքում էր գետը, Արաքսի ջուրը ցողեց պղտոր կաթիլներ:

Այդ գիշեր Սաբու գյուղում մանկամարդի մի աղջիկ տորքի առաջ գորգ էր 20 գործում: Բարակ ծամեր ուներ աղջիկը, ծամերի ծայրից կախ էին մետաղյա բոժոժներ: Աղջիկը գլուխը աջ ու ձախ էր դարձնում, դեղնած մատներով բռնում գունավոր թելերը, թելը թելին հագցնում, ապա ծանր սանրով կոփում հանգույցները: Դարսվում էին իրար վրա հանգույցները, ծնվում էին նախշեր, նռան ճյուղեր, տերևներ, տերևների մեջ երկու թև, որ աղջկան թվում էր երգող թռչուն: Ամեն անգամ, երբ աղջիկը սանրը զարկում