Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/187

Այս էջը հաստատված է

շաքարը բերանը տանելու։ Թեկուզ տաք թեյը վառեց մատը, բայց ծպտուն չհանեց։ Այնքան համեղ էր կիսահալ շաքարը։ Հնագետը քթի տակ ծիծաղեց, ինչ-որ բան հիշեց մարդու նախնական օրերից։ Կինը նորից ջուր լցրեց թեյամանի մեջ և ուրախ ժպտաց երեխայի չարաճճի արարքի վրա։

Ֆետրե գլխարկով մարդը տեսավ այդ ժպիտը, ինչքա՜ն ծանոթ էր... Երևի նույն դեմք ունեցող մարդիկ նույն կերպ են ժպտում։ Կնոջ վերին շրթունքը աննկատ դողդողաց, ժպիտից շրթունքները կարմրեցին, որպես արնագույն մեխակի թերթեր, ժպիտից աչքերը փայլեցին։

Հանկարծ նա ծոցից հանեց տետրը, թերթեց քարերի և քանդակների նկարներ, թերթեց և քարե արծվի բույնը պարսպի գլխին ու սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը՝ օջախի մոտ նստած, աչքերը օջախի քարին։ Ծանոթ էին դիմագծերը, միտքն այնքան էր աշխատել նրա վրա տարիներ առաջ։ Փակ աչքերով էլ նա տեսնում էր կնոջ պրոֆիլը։

Միայն տղան տեսավ մոր նկարն սպիտակ թղթի վրա։ Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը։

Քիչ հետո ձիերը վրանի առաջ էին։ Երրորդ ձիավորը ձիերի գլխին հագցնում էր սանձերը, պնդացնում թամբի կաշվե կապերը։ Եվ երբ պայուսակը կապեց թամբին, մոտեցավ մնաս բարով ասելու օջախի մոտ նստած կնոջը։ Կինը տեղից վեր կացավ, գլխի շորն արագ իջեցրեց ճակատին և մատների ծայրով բռնեց երրորդ ձիավորի մեկնած ձեռքը։ Մյուսներն էլ հետևեցին նրա օրինակին։ Այս անգամ կինը ձեռքը կրծքին սեղմեց և խոնարհեց գլուխը։ Ֆետրե գլխարկով մարդը տղային տվեց արծաթ դրամ ու շոյեց նրա մազերը։

Ձիերն իջնում էին Կաքավաբերդի քարափով դեպի Բասուտա ձորը։ Ձիերի սանձից բռնած իջնում էին երեք