Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/218

Այս էջը հաստատված է

իրար՝ յուղ էին ծախում, կով, բուրդ, մեկը գովում էր իր ապրանքը, մյուսը՝ բարձրաձայն սակարկում գնորդի հետ։ Մի քանի հոգի բարևեցին պապիս։ Այդ ինձ ուրախություն պատճառեց։

— Էս հեռու տեղը ո՞րտեղից են իմ պապիս ճանաչում,— մտածեցի ես։

Սպիտակ տան առաջ իջանք, ձին քաշեցինք բակի ստվերը։ Սանդուղքի վրա նստել էին գյուղացիներ՝ հայ, թուրք, ոմանք զրուցում էին իրար հետ, ոմանք պատի ստվերում պառկել էին, գլխատակին աղլուխի մեջ փաթաթած պաշարը։ Պապս մոտեցավ և խառնվեց նրանց։ Մի րոպե ես նրան իմ աչքից կորցրի, սիրտս ահ ընկավ և երբ տեսա նրա սև փափախը, կանչեցի.

— Պապի...

Ժպիտն երեսին մոտեցավ, պատվիրեց որ ձիուն լավ նայեմ և չթողնեմ, որ մոտենա մյուս ձիերին։ — Քեզ քացի կտան, աչքդ վրան պահիր,— և հուսադրելու համար ասաց.— Թե որ պատասխանը եկած լինի, քեզ համար խուրմա եմ առնելու...

Նրա խոսքը կիսատ մնաց. սանդուղքի գլխից մեկը կանչեց.

— Ադամով Արություն։

Ես տեսա, թե ինչպես պապս շտապեց արագ հասնելու սանդուղքին։ Աստիճանների վրա նստած գյուղացիները նրան տեղ տվին անցնի։ Հետո պապիս սև փափախը ծածկվեց դռների ետևը։

Զիու սանձից պինդ բռնած, ես աչքս չէի հեռացնում փակ դռներից։ Երբեմն դռները բացվում էին, ներս ու դուրս էին անում պսպղան կոճակավոր մարդիկ, աստիճաններին նստած մարդկանցից ոմանք ոտքի էին կանգնում և նրանց խոնարհ գլուխ տալիս։ Իմ աչքին բոլորն էլ պրիստավ էին, ու ես չէի կարողանում ջոկել, թե նրանցից որն է ավելի մեծավորը։

— Պրիստավն էն է՞,— հարցրի ես կողքիս նստած