Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/224

Այս էջը հաստատված է

ամայի բակերում օրորվում է արևի տակ փռած գույնզգույն լվացքը:

Մանուկները միատեսակ են հագնված՝ երկուսն էլ տրեխավոր, չթե հասարակ շապիկ։ Նրանցից մեկի գոտին ծոպավոր է, կապույտ փնջերով։

Աջ ու ձախ խոր ձորեր են... Ահա Գայլաբունի ձորը՝ հատակը մութ ու խոր. վշշոց է գալիս ներքևից, ջո՞ւր է վազում, թե սառը քարանձավներում շաչում է քամին։ Քար են գցում և կռացած ականջ դնում։ Ապա լուռ իրար են նայում. նրանք չեն կարողանում որոշել՝ ջո՞ւրն է վշշում, թե՝ քամին:

Վայրի աղավնիների երամը փռռոցով անդունդից դուրս է թռչում և գլորվող քարի աղմուկից վախեցած, ճախրում արևի տակ, ապա նորից իջնում մութը։ Արևի տակ փայլփլում են նրանց ճերմակ թևերը։ Հետո ներքևից հարյուրավոր թևեր թափահարում են և հետզհետե սուզվում անդունդը: Մանուկները լսում են լուռ և, երբ այլևս ձայն չի գալիս ներքևից, կամաց հարցնում են.

— Ո՞ւր կորան...

Վեր են կենում մանուկները, հացի կապոցն առնում և բարձրանում դեպի բրուտի քարանձավները։ Մարդկանց ոտքերը և ձիերի սմբակները փորել են նեղ արահետ։ Որտեղ քարը փուխր է, փոս է ընկել: Իսկ կարծր տեղերը պսպղում են կապույտ փայլով։ Այդ արահետի կապերն են՝ սանդուղքաձև, որոնց հասնելիս ձին գլուխը կռացնում է, հոտոտում և ապա զգուշությամբ ոտքը փոխում, ինչպես սառույցի վրա:

Եվ ինչ շատ են արահետները, որ կոշտացած ձեռքի երակների նման ցանց են կապել քարափների, ժայռերի ու քերծերի վրա, ճյուղավորվում են, բաժանվում իրարից, մեկը մի ձոր է իջնում, մյուսը բարձրանում մի քարափ, մի տեղ լայնանում, մյուս տեղը բարակում,— և դարձյալ խառնվում իրար:

Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող