Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/232

Այս էջը հաստատված է
***

Նստել եմ ծիրանի ծառի տակ, տաքանում եմ ինչպես քարը, ձյունից մրսած գետինը, ծառերը, որ դեռ մերկ են և արդեն թխանում են արևի ջերմությունից։

Մերկ ծառերի արանքից երևում է քաղաքը, գունավոր տները։ Ծխի ու փոշու կապտագույն շղարշ է փռված քաղաքի վրա։ Ավելի հստակ են երևում մոտակա կավե տները, այգիների մեջ ընկած ամայի հնձանները։

Քամին խշշացնում է չոր տերևները, որոնք թռչում են քարերի վրայով, իրար հրում, փաթաթվում ոտքերիս և քչփչում, ինչպես առվակը. գարո՜ւն է, գարո՜ւն է... Քաղաքի կողմից քամին ձայներ է բերում։ Լսելի է, թե ինչպես մեխում են տախտակը։ Թա՜խկ, թա՜խկ, հնչում է թիթեղագործի փայտե մուրճի խուլ ձայնը։ Մի շուն կաղկանձում է։ Բլուրի վրայից ես տեսնում եմ կաղկանձող շանը, որ ոտը քարշ տալով դուրս է թռչում մի փոքրիկ հյուղակից։ Նրա հետևից դուրս է գալիս մի կին, որ ինչ-որ բան է շպրտում շան կողմը։ Միթե այդ հողաթումբը տնակ է, և մարդիկ են ապրում այնտեղ։ Նույնիսկ դուռ ունի, որովհետև կինը դուռը վրա է դնում և մի բան շալակած իջնում գետի կողմը։ Այնտեղ երկու կին լվացք են փռում քարերի վրա։ Նրանցից մեկը կռանում է, լվացքը լողլողում գետի մեջ, մյուսը քամու առաջ փռփռացնում է կապույտ, կարմիր լաթերը և ապա մեկնում։ Առաջին կինը մոտենում է նրան, նա ձեռքերով ինչոր բան է ասում նրանց։ Երևի անիծում է շանը։ Եթե այդ կինը բլրակի վրա լիներ, կտեսներ, որ շունը վերադարձել է, պառկել փակ դռան առաջ, իբրև հավատարիմ պահակ և լիզում է իր ցաված ոտքը։

Սև ժապավենի նման սողում է գնացքը։ Ծուխը բարդ-բարդ հետ է գնում ու նստում դաշտերի վրա։ Շոգեմեքենան սուլում է. քամին բերում է նրա խուլ փնչոցը։ Երևի հիմա ուղևորներր վագոնների պատուհաններին են սեղմել իրենց ճակատը և սպասում են, թե երբ կերևան