Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/233

Այս էջը հաստատված է

կայարանի շենքերը։ Երևի կա մի աղջիկ, որի համար ամենից դժվարը այդ րոպեներն են։ Նա էլ ունի մի խրճիթ, որի դուռը փակել ու հեռացել է։ Պերրոնի վրա կդիմավորի նրան մեկը և աղջիկը սրտի դողով կբացի սիրո դռնակը։

Քամին խշշացնում է տերևները։ Չքանում է գնացքը... Փակում եմ աչքերս, և տերևների խշշոցը հիշեցնում է ինձ լուռ ընթերցանության ժամը դասարանում։

Դասարանում... Ծիրանի ծառը ստվեր է գցել տետրակիս վրա։ Արևի շողը փայլփլում է մատիտի ծայրին և արտացոլում եղունգիս վրա։ Մեկը բոթում է թևս։

— Մեծատառ Ժ-ն ո՞նց է։

— Է՜...

—Մի շվի կտամ։

— Այ, տե՛ս,− և ցույց եմ տալիս։

— Վերջին նստարա՛ն, լռությո՛ւն,− սաստում է ամբիոնին կռթնած ուսուցիչը։ Ճռռում են նրա կոշիկները։ Մենք թեպետ վայելչագրության տետրակի վրա գլխահակ ենք, բայց գիտենք, որ նա դեպի մեզ է գալիս։

Շատ է խանգարում ծիրանի ծառը, որ բուսել է մեր դասարանի միակ պատուհանի առաջ։ Երբ փչում է քամին, աղմկում է ծառը, ճղներով թրխկացնում պատուհանը։ Նրա ստվերն ու արևի դեղին բծերը թրթռում են իմ տետրակի վրա, օրորվում, ինչպես ջրածտի ճոճքը։

— Վազի՛ր, զանգը տուր,− և օրապահը թռնում է տեղից։

Սկսվում է ամենից զվարթ և աղմկալի երկու րոպեն, մինչև զանգը հնչի և վազենք բակը։ Բոթում ենք իրար, կսմթում, մի խոսքով ելք է ստանում հոգնությունից և ակամա լռությունից զսպված մեր մանկական զվարթությունը։

Այս չոր ծիրանի տակ նստած, գարնան այս պայծառ օրը, երբ՝ ուրախ արևը մեղմել է քարերի մռայլությունը, ես գրում եմ իմ մանկության, ծիրանի ծառի և իմ ընկեր Անդոյի մասին, և ինչպես դեղնած տերևները խշշալով