Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/264

Այս էջը հաստատված է

— Տնավեր, էն կազախի կիսու չափ է՞լ չկաս… էն կանդար չայ, ես իմ աստված, հավատալու չի…

«Ղազախը» նույն միջանցքում ապրող բարձրահասակ ռուս ուսանողն էր, որից Մաջիտա մայրիկը քաշվում էր: Ոչ մի բառ ռուսերեն չիմանալով, Մաջիտա մայրիկը մտերմացել էր միայն նրա փոքրիկ աղջկա հետ, որի թևից բռնած երբեմն տանում էր հավաբնի կողմը և կուտը տալիս աղջկանը, որ նա ցրի։

— Լքե՞մ։

— Չէ, մայրիկ,— և Լևոնը տեղից վեր կացավ։-էսօր ոտքս ցավում է։

— Յարալու ո՞տքդ է…

— Հա՛։

— Ոսկորն է… Եղանակ որ նամացավ, իսա ոսկորիս մեջն է։ Որ արև էլավ, օդը չոր՝ հե՛չ…

Մաջիտա մայրիկը բաժակը վերցրեց, սեղանից սրբեց շաքարի փշրանքը։ Լևոնը մոտեցավ գրքերի դարակին, մեջքը դարձրեց դեպի պառավը։ Չէր երևում՝ գրքերի՞ն է նայում, թե ծաղկամանին։

Պառավի մտքովն անցավ, որ առիթը հարմար է ավելի որոշ ակնարկելու նրա մասին, բայց այդ րոպեին Լևոնը հանկարծ շրջվեց.

— Խոնավ է, բայց լավ գիշեր է…— և կարծես ինքն իրեն վերջացրեց.— քնել չեմ ուզում, թեև շատ եմ աշխատել…

— Գարուն է… Անուշ օր կբացվի վաղ:

— Ամպած է երկինքը:

— Մասսի կլոխ պարզ ի… Լուսո մոտ լուսնակ կելնի…

— Այո՜ո՜…

Այդպիսի անորոշ բացականչություններից Մաջիտա մայրիկը խորշում էր: Նա այնքանն էր հասկանում, որ այդ րոպեին Լևոնի միտքը անմատչելի հեռուներն է:

— Քելի, փիսո՛… —Կատուն մռռաց: Լևոնը մատներով թմբկահարում էր դարակի տախտակը: