Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/273

Այս էջը հաստատված է

փողոցը, որով գնում էր Լևոնը։ Խաչաձև կտրվածքի մեջտեղը հետ ու առաջ էր գնում հերթապահ միլիցիոները։ Նա ձանձրացած էր քայլում, կարծես կարոտում էր ցերեկվա ժխորին:

Փողոցների խաչաձև կտրվածքն անցնելուց Լևոնի ընդհատված մտքերը նորից ծանոթ հունն ընկան: Ասաքը շատ է փոխվել... Այն տարին նրա երեսին ժպիտ չէր երևում. այժմ կենսուրախ է, անհոգ։ Գուցե այդ անհոգությունն է նրա նիհար մարմինը գերացրել, կլորացրել։

Տուն ունի, կին ունի, չորս երեխա... Սենյակների ներսը խառնիխուռն, գրքերը երեխաների կոտրատված խաղալիքների կողքին, այստեղ-այնտեղ մանր ու մեծ մահճակալներ, որոնց վրայից կախված են լաթեր, երեխաների սպիտակեղենը և ուրիշ շորեր, որ Ասաքի կինը չի հավաքում, երբ Լևոնը ներս է մտնում, որովհետև նրանից չեն քաշվում։

— Երևի երեխաները քնած են... Կիմիկը՝ չէ՛: Կիմիկը եթե քնած լինի, Լևոնի ձայնից կզարթնի, կկանչի մյուսներին, և կսկսեն կախվել, քաշքշել, աղմկել: Կսկսվի այն, ինչ Ասաքը ծիծաղելով անվանում է «ղարաչու բազար»։

Այդ աղմուկի մեջ Ասաքը կարողանում է աշխատել, երեխաները թռչկոտում են, բարձրանում նրա վրա, քաշքշում, իսկ նա երեսը պատի կողմը դարձրած կարդում է։ Երբ շատ են աղմկում, վեր է կենում, դուռը բաց անում և բոլորին քշում բակը։ Քշում՝ ինչպես հավի ճտերը։ Կենսուրախ է Ասաքը։ Այդ կենսուրախության մեջ չի կորել նրա երբեմնի լրջությունը։ Կես հանաքով, կես լուրջ նա գանգատվում է, որ «փորի մակարդակը նորից է բարձրացել», բայց հանաքից հետո խոսքը դարձնում է առօրյայի խնդիրների շուրջը։

Եվ հին «ուրբաթախոսը» հառնում է Լևոնի առաջ... Ահա սարալանջը. հրաբխային ավազ է։ Դժվար է բարձրանալ, որովհետև ավազը սահում է, ոտքերը կարծր