Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/28

Այս էջը հաստատված է

Ուշքդ տանը պահի, նամակ ուղարկի, հալբաթ մի տեղով մեզ մի լուս կհասնի։

Ու ինքն իրեն, քթի տակ խոսում էր Բադին՝ օջախի մոտ, գլուխը կախ, թաց տրեխները ձեռքին։ Հազար ու մի միտք գալիս-անցնում էր նրա գլխով, սրտի խորքից թառանչ էր ելնում, և անարցունք աչքերը ճպճպում էին, որպես մարմրուն ճրագներ։

Մյուս օրը Հաբուդը գնաց։

Տարան, ճամփա դրին մինչև գյուղի վերջը, ասացին, լաց եղան, համբուրեցին հազար անգամ ու մենակ վերադարձան իրենց խարխուլ 10 խրճիթը՝ Աթանանց մեծ ընկուզենու մոտ։

Գյուղի տավարն այդ օրն առաջին անգամ ուշ գնաց հանդ։ Տավարն էլ էր մոլորվել, ցաքուցրիվ բառաչում էր Վանդունց տան մոտերքում։

* * *

Անցան ամիսներ։

Հաբուդից նամակ էր գալիս։ Նրան ճակատ էին ուղարկել, մի անգամ վիրավորվել էր ոտից, պառկել էր լազարեթում, լավացել ու նորից դիրքերն էին ճամփել։

Նամակների մեջ Հաբուդը գանգատվում էր։ Գրում էր, որ զորքը սոված է, շոր չունեն, ամեն շաբաթ մի դիրքից մյուսն են ուղարկում, հաշտության ոչ մի լուր չկա։ Մի անգամ էլ նա գրել էր, թե շուտով արձակուրդ է 20 ստանալու, տուն պիտի գա։

Ծնողների ուրախությունն անսահման էր։ Հաթամի աղջիկն այդ նամակը ստանալու մյուս օրը գնաց Իսանանց արտը քաղհանելու։ Նամակն Իսանանք էին ստանում, նրանք էլ կարդում էին ու պատասխան գրում։

Հաթամի աղջիկը դրա փոխարեն երկու օր առավոտից իրիկուն անվարձ քաղհանեց Իսանանց արտը։

Հաբուդը գրում էր, թե թանկություն է, զորքը մի քանի տեղ կոտրատել է խանութները։ Էլ ուրիշ շատ բան էր գրել նա. հայրը չէր հասկանում, թե ինչու է այդպես։