Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/296

Այս էջը հաստատված է

բարձրությունը մյուս ձիերի հետ և տեսնում, որ Ցոլակը նույնիսկ Գիլանց Մուքու ձիուց էլ կարճ է, մերթ հայացքը գցում էր սարալանջի կողմը։ Եվ դժվարին մտքերը խռնվում էին աղեղում ու ելքը չէր տեսնում։ Ահա՝ նորից դռանը կչոքի դառն աղքատությունը, վիզ կծռի ուրիշին, որ իր խուրձերը տուն բերեն, որ խոտը սարից բերեն: Ցոլակին կտանեն, և հնձած արտում խուրձերր անձրևից կսևանան…

— Թե Գիլանց Մուքու ձին հավասարվի Ցոլակի հետ թե չէ՝ նրանից կարճը չկա…

— Սիմոն, հրե՜ն— հանկարծ կանչեց դարբնի տղան, և Սիմոնը ցնցվեց։

Նա գլուխը հետ դարձրեց։

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը, և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից, և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

Արևը դեմից էր և արևը ոսկեվորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը: Ձիավորը ձիու հետ միաձույլ էր, և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք:

Գյուղացիների զրույցը դադարեց։ Բոլորը նայում էին նրա կողմը։ Նույնիսկ ձիերից մի քանիսը բարձրացրին իրենց գլուխները և հափշտակված, անասնական ահով նայեցին սպիտակ ձիուն։

Շուղունց Աքելի բերանում հացի պատառը սառել, մնացել էր։

— Այ ձի… Հազար մանեթ գին ունի։

— Տերն էլ պակաս փող չունի։

— Էդ ձին ինձ տան, կռիվ չգնացողը մարդու տղա չի,— ասաց դարբնի տղան։