Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/306

Այս էջը հաստատված է

քաշեցին ձին։ Աքելը հրապարակում մնաց մի րոպե, նայեց ձիու հետևից և անխոս վերադարձավ, մեջքին ձիու համետը։

Դարբնի տղան սրախոսեց․

— Ափիցեր Աքել Շուղունցով,— բայց ոչ ոք չծիծաղեց։ Դարբնի տղայի ժպիտն այլանդակ կծկվեց և դեմքի վրա սառեց, որպես դառնության կնիք:

Հետո Ռուստամենց ճակատը նշան ձին տարան: Գնաց և տերտերի ձին: Ժամհարը գլուխր կախ եկավ:

— Հիմա ես տերհորն ի՞նչ պատասխան եմ տալու…

Չորրորդ հերթը Կոստանդինն էր: Գյուղացիները զարմացան, երբ լսեցին նրա ազգանունը, որովհետև Կոստանդը նրանց մեջ չկար: Դարբնի տղան նկատեց, որ սեղանի շուրջը նստողների մեջ ինչ-որ փսփսոց ընկավ:

Հրապարակի մյուս կողմից երևաց Կոստանդը՝ լղար, մեջքրը փոս ընկած, մոխրագույն մի ձի հետևից: Թվաց, թե նույնիսկ չնայեցին նրա կողմը, և ձեռքը վերևից նշան տվեց, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից:

Այդ այնքան արագ կատարվեց, որ գյուղացիներից շատերը չհավատացին իրենց աչքերին, թե այդ «խեղճ» գյուղացին Կոստանդ աղան է: Նրանք մնացել էին ապշած: Իսկ Կոստանդը կեղծ ուրախությամբ հետ տարավ ձին և անհայտացավ:

Դարբնի տղան Սիմոնի ականջին շշնջաց.

— Տեսա՞ր, որ ասում էի…

Բայց Սիմոնը չլսեց: Նրա ականջին հասավ իր ազգանունը և Ցոլակի սանձից բռնած, մտավ հրապարակը:

Երբ մոտեցավ, վերցնել տվին ձիու համետը, և մի ակնոցավոր ռուս, որ անասնաբույժն էր, քիթը վեր քաշելով կռացավ վերքի վրա:

— Չտարան,— անցավ Սիմոնի մտքով: Բայց մարդը բարկացավ և մատը թափ տվեց Սիմոնի վրա: Նա հայհոյում էր:

Սիմոնը վախից դողաց, գունատվեց և նստեց համետի վրա: