Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/307

Այս էջը հաստատված է

Զինվորները Ցոլակին տարան: Սիմոնը տեսավ, թե ինչպես իր ձիու երկար պոչը սուր մկրատով կտրեցին: Եվ իսկույն աչքին այնպես երևաց, ասես Ցոլակը մեծացավ և դարձավ ղազախի ձի:

Գյուղական գրագիրը բղավեց նրա վրա։ Նա սթափվեց և բեռը շալակին վերադարձավ յուրայինների մոտ:

8

Արևն արդեն թեքվել էր, երբ գյուղացիները ճանապարհ ընկան տուն: Ազատվել էին միայն ութ ձի, որոնց վրա բարձել էին մնացած ձիերի համետները: Գյուղացիներից ոմանք իրենք էին շալակել ձիերի սանձերն ու չվանները:

Ազատված ձիերը, որոնցից երեքը ծուռոտ էին, մեկի մեջքն էր փոս ընկած, երկուսը քոս էին, իսկ Հաբեդանց ձիու երկու կողոսկրը չկար,— ազատված ձիերը հազիվ էին քայլում ծանր բեռան տակ:

Սիմոնը գլուխը կախ գնում էր մյուսների հետ: Դարբնի տղան էլ լուռ էր, որովհետև ոչ ոք սիրտ չուներ նրան լսելու:

Նրանք անընդհատ բարձրանում էին լեռը, կարծես պիտի գնային մինչև մութ երկինքը։ Մայրամուտի արևը աջ կողմից նրանց ոսկեվորել էր։ Նեղ արահետով գնում էին նրանք իրար հետևից, ինչպես կռունկի երամ, և թվում էր, թե բեռների տակ կքած սև ստվերները հավիտյան պիտի բարձրանային մութ լեռը, մինչև մի խավար անդունդ հանկարծ կլաներ նրանց։

Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում, և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը:

— Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ... Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես... Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց: