Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/315

Այս էջը հաստատված է

Նրա քթովն է ընկել ինչ֊որ քաղցր բույր, որ մեյդանի կողմից բերում է քամին:

Ահա լուսավորվեցին այս փողոցի ծառերը, որոնց գեղեցկությունը վաղեմի մի օր գովել է այն նշանավոր պոետը, որի անունը մեզ համարձակություն ներշնչեց ավելի մանրամասն նկարագրելու լուսաբացը, քան այդ թույլատրում է չափի զգացումը։ Եվ վերջապես, մի այլ բանաստեղծ, որից առավել քանքարով ոչ ոք չի նկարագրել բարդիները, լուսինը, ջրերի երգեցիկ զրույցը,— մեր ներկայությամբ մի թուխ մաշկով աղջկա, որ նման էր եթովպուհու, ասաց.

— Ձեր մազերը նման են այս ծառերին,— հետո թափահարեց ծառը և հազարավոր նարնջագույն տերևներ տեղացին կայտառ աղջկա ուսերի վրա...

Ահա լուսավորվեցին այդ ծառերը, ելան դռնապանները՝ ավելներով, թիակներով, դույլերով և սկսեցին հարդարել փողոցը։ Նրանք էլ գնացին, և ապա արևը ոսկի տեղաց Արարատի գագաթին։ Արդեն սուլեցին գործարանները՝ մեկը զիլ և ուրախ, մյուսը խռպոտ, երրորդը՝ երկարածոր, ինչպես տխուր սեգյահ: Փողոցում զարթնեց աղմուկը: Տասը, քսան, հետո հարյուրներ, միայնակ կամ խմբերով, ելան տներից, եկան մյուս փողոցներից, և բանվորների բազմությունը լցրեց այս փողոցը։

Ոմանք դրսում են կոճկում բաճկոնը, ոմանք տրորում են աչքերը և գնում են լուռ ու լուրջ։ Կան տարիքով մարդիկ, որոնք հազար-հազար անգամ անցել են այս փողոցով, և տարիների ընթացքում նրանց ոտքերը վարժվել են մի չափի, որով անվրեպ հասնում են աշխատանքի վայրը։ Հինգ րոպե, և փողոցը լցնում են կաշեգործները, հյուսները, դարբինները, մոնտյորները, հնոցապանները,— գործարանային աշխատանքի բոլոր ներկայացուցիչները։ Կան հյուսներ, որոնք երեսուն տարի նույն կողովը ձեռքին, նույն հաստ մատիտը ականջի հետևը, գնացել են այս փողոցով։ Կարելի է տեսնել ներկարարների