Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/329

Այս էջը հաստատված է

Անմռունչ, հավիտյան համր կավ...

Ահա հեռվում երևում են այգիների գորշ պարիսպները և տների պատերը՝ կառուցված նույն հին կավից։ Արևը խանձել է, քամին և անձրևը պոկել են պարիսպների կատարները, մի տեղ փոս արել, մի ուրիշ տեղ թողել սրածայր։

Նստել են կավե հին պատերն այս ընդարձակ դաշտում, ինչպես չոքած ուղտեր: Նրանցից մեկը ցցել է վիզը, մյուսի միայն սապատն է երևում, երրորդը չոքել է առաջի ոտքերի վրա, կարծես հիմա պիտի իջեցնի և հետին ոտքերը:

Գնա մինչև Հին Բաբելոն, էլամների աշխարհը, մինչև Աղի լիճը և Միջագետքի խանձված դաշտերը, ամեն տեղ կտեսնես այս բիբլիական կավը, մահարձանի պես մի չինար և սրբազան բզեզներ։

Իսկ այս դաշտում ինչքան արագ են մահանում պարիսպները, երկաթե անիվները տրորում են բրդոտ սարդերին, և արգավանդ կավը ուռճանում է նոր սերմերով։

— Վե՛ր կաց, Ավագ, զովն ընկավ...

* * *

Նրան անվանում էին Սեթ, և որովհետև հայրը վաղուց էր մեռել, կոչում էին մոր՝ Երանուհու անունով՝ Երանի տղա Սեթ և կամ՝ Երանի Սեթ։

Կարճ էր հասակը, թե բարձր, թավ էր ձայնը, թե բարակ, և գիտե՞ր նա սրինգ նվագել, սիրե՞լ էր նա մի աղջկա և հենց այդ չինարու տակ մեզ նման հանգստացե՞լ էր նա, երբ վերադառնում էր Արաքսի ափերի արտերից,— այդ բոլորն ինձ չավանդեց իմ ընկեր Ավագը կամ գուցե և պատմեց, սակայն իմ հիշողության մեջ ժամանակը խունացրեց այդ պատմության պայծառ գույները։ Եվ հիմա, երբ գրում եմ նրա մասին, որին չեմ տեսել, ես իմ ընկերոջ պատմածից հիշում եմ այն, որ Երանի Սեթը գյուղի ամենալավ սերմնացանն էր։