Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/330

Այս էջը հաստատված է

Այս կողմերում Արաքսը գարնանը ելնում է իր ափերից, վարար ջրերը տիղմ են փռում լայն տափարակի վրա, և առափնյա եղեգնուտները դառնում են կանաչ կղզիներ։ Սերմնացանը ցանում է սերմը, երբ հետ են գնում ջրերը, և գետնին նստում է թաց տիղմը։ Նա հանում է ոտքերը, մինչև ծնկները վեր քաշում և փայտյա կոտը պարանոցից կախ՝ գնում է օրոր և հավասար քայլերով: Գնում է և աջ ձեռքով լիաբուռն վերցնում ծանր հատիկները, որ մի վայրկյան շողում են արևի տակ. ինչպես ճնճղուկների երամը և ծանրությամբ ընկնում հողի մեջ։

Ահա այդպիսի սերմնացան էր Սեթը, հողի մշակ: Ուներ մի մայր, մի հին տնակ, երկու բարդի, որի կատարին ամեն տարի ծանոթ արագիլը նորոգում էր բունը և պառավ Երանի համար բերում գարնան խնդություն, ինչպես մյուս արագիլները՝ գյուղի մնացած տների համար:

Երբ արագիլը տղմուտ հողերում այլևս գորտ չէր բռնում, ուրեմն հետ էին գնացել Արաքսի ջրերը, և ժամանակն էր, որ Սեթը կախեր կոտը, սերմ ցաներ, իսկ մայրը ելներ փորելու բակի մարգերը, որոնց կեսը փչացնում էին հարևանի հավերը, իսկ սոխի մարգում պառկում էր իր՝ Երանի կատուն:

...Այս ամենապարզ պատմությունն է, ամենից հասկանալին։ Գյուղը դաշնակների թիկունքում, գյուղում գաղտնի պատրաստություններ ապստամբության, երբ հարավից արշավեր կարմիր հեծելազորը։ Ահի գիշերներ, բռնություն, վախ, կողոպուտ: Գիշերներ, երբ դեպի դիրքերն էին քշում սովահար մի բազմություն, երբ դիրքերից հետ էին փախչում նրանք, որոնք ուզում էին քրտինք թափել հողի վրա, արտերը ջրել և ունենալ խաղաղություն իրենց խեղճ խրճիթներում։

Երբ գյուղում հարավից լսեցին թնդանոթի առաջին որոտը, և նահանջող թշնամին ետ դարձրեց ձիերի գլուխը, թշնամու թիկունքում պայթեց ապստամբությունը.