Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/344

Այս էջը հաստատված է

Հյումբաթի ձորի հին կրպակները հիմա էլ մնում են, կիսով չափ խանգարված, պատերը խարխուլ, կտուրների վրա կանեփի փարթամ թփեր: Նեղլիկ փողոցներում, ուր աջ ու ձախ հին խանութների հետքերն են, մելիքների շուկան, հիմա անցուդարձը քիչ է: Լծից բեզարած մի եզ գործից դառնալիս գուցե վիզը քսի կրպակի սուր անկյունաքարին, վիզը քորի այնտեղ, ուր գունավոր շալի հոտը բուրում էր, որպես Իրանի սաբզա:

Սպիտակ զորանոցն այն ապահով վայրն էր, դեպի ուր մելիքների ջրաղացի ճամփով գնում էին կրպակների տերերը, քաղաքում մեծ խանութներ բացում, խանութների փեղկերը ներկում, ոսկետառ ցուցանակներ կախում և ոսկիները 10 հողե կճուճների մեջ դարսելու փոխարեն պահ տալիս բանկին:

Վաղուց արդեն համարձակ մի սովդաքյար բացել էր մեծ քաղաքները տանող ճանապարհը և առաջին ապրանքի հետ ուրախ լուր էր բերել Մորոզովից ու Ցինդելից: Վերջին մելիքները հագան Մոսկվայից բերած գուլպաներ, և նրանց ջրակալած աչքերը տեսան, թե ինչպես կամարակապ ախոռում ձմռան գիշերին վրնջում է ձին, գարու մեջ փնտրում Մելիք-Բախտամի քիշմիշը:

Բերդի քարերը մեկ-մեկ ընկան, երբ տափարակի վրա բարձրացան սպիտակ զորանոցի պատերը: Մելիքների բանտում սարդը ոստայն հյուսեց, ժանգը դեղին սերմեր մաղեց բանտի երկաթ բանալիների վրա: Մելիք-Բախտամի վերջին ժառանգը մեռավ հեռու մի քաղաքում, որպես ռուսական գնդի հրամանատար:

10 Հյումբաթի ձորի ժայռերը տեսան, թե ինչպես գունավոր գորգերը հանեցին քարանձավներից, շալակով տարան և փոխարենը քաղաքից ստացան նավթ, շաքար: Գորգերն ուրիշ քաղաքներ ուղարկեցին: Ոչխարները քչացան, ձորում ապրողներին մնաց քաղաքում ձեռք բերել բո՛ւրդն էլ, նե՛րկն էլ և գարնանը պատրաստի գորգեր տալ բրդի տերերին: