Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/345

Այս էջը հաստատված է

Թվաց, թե այդ օրից տորքի երկաթներն այլ կերպ զնգացին և երբ ձմռան գիշերով սպիտակահեր մի կին ձորի աղջիկներին հին նախշերն էր սովորեցնում,−ձմռան գիշերին ճրագի պատրույգի հետ մխում էր պառավի սիրտը, երբ հիշում էր չքնաղ գորգերը, որ տարան։

Քաղաքը մեծացավ։ Հյումբաթի ձորում, Միջին մահլայում և Գյունեյ թաղում մնացին հացթուխներ, գզրար կանայք, լվացարարներ, գորգագործ պառավներ, անտառից շալակով ուրիշի համար ցախ բերող մարդիկ, սրա նրա դռանը օրահացի աշխատող աղջիկներ և մանուկներ, որոնց ամենամեծ հրճվանքը քաղաքում օրնիբուն լվացք անող մոր վերադարձն էր, գոգնոցի ծալքում պահած համեղ 10 պատառը։

Այսպես հալվեց ձորի գյուղի աստղը։

* * *

Մելիքների ջաղացի գլխից մեկ-մեկ կարելի է համրել երեք թաղի տները, ավերակները, տեսնել, թե ինչպես դանդաղ քայլերով մի էշ բարձրանում է կածանով, հետևից տերը բզում է, կանչում և կածանի դժվար տեղը հրում էշին, օգնում բարձրանալու։

Գետի ափին կանայք ցորեն էին լվանում աշնան արևոտ մի օր, երբ երեք թաղն էլ քարափից դիտելուց հետո, իջանք ձորը։

Խաղաղություն կար ավերակներում, կրպակներում, ձիթհանքում, ջուրն իզուր 20 ծլլացող աղբյուրում։ Ամեն տարի մի քար է ընկել պատից, մահը թեթև է թվացել, բողոք չի եղել, ոչ մի թաղ չի տեսել հրդեհ, գերանները փտել են առանց մխալու, քարերը չեն շիկնել կրակից և նստել է մամուռը։ Մի կրպակի դուռ գոց էր այնպես, ասես սովդաքյար տերը ճաշի էր գնացել կամ գերեզմանօրհնեքի։

Ման եկանք գյուղում, տեսանք շեն տները՝ հատ ու