Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/35

Այս էջը հաստատված է
* * *

Վանդունց Բադին այդ օրը տավարը չտարավ, գնաց գեղամեջ ու խեղճ-խեղճ հայտնեց, որ քաղաք է գնում իմանալու, թե ինչ եղավ որդին։

— էն ա բերդումը նստած, ի՞նչ ես դարդոտվում, ա՜յ պառավ,— ասաց գզիր Զաքին։

Մի քանի հոգի խղճացին նրան, և իրենք տարան տավարը գյուղի։

Շատ տարիներ առաջ էր Բադին քաղաք գնացել։ Նա հիշում էր, որ քաղաքին չհասած Խաչի աղենց քարվանսարան կա։ Կգնա, 10 հարցուփորձով կիմանա։ Բայց դեռ գյուղից դուրս չեկած, Բադին իմացավ, որ քարվանսարան էլ է վառվել, որովհետև բալշևիկի ձիաններն այնտեղ են կապված եղել։

Ո՞ւմ մոտ գնա․ հենց ուղիղ վարժապետ Մինասի մոտ: Մեծ մարդ է, քաղաքում կոմիտե։ Կպատմի նրան, ձեռ ու ոտը կպաչի, գուցե Հաբուդին ազատեն։

Բադին քանի քաղաքին էր մոտենում, այնքան ավելի էր զգում, որ ծնկները դողում են, ոտքերը դժվար են առաջ գնում։ Մի երկու տեղ կանգնեց, փափախով ճակատի քրտինքը սրբեց, շունչ առավ ու նորից շարունակեց ճանապարհը։

10 Ահա և քարվանսարան։ Գերանները դեռ մխում են, սևացած պատերն են մնացել միայն։ Հենց քաղաք մտնելուն պես Բադին փողոցում տեսավ մեկին, որ թևին կարմիր շոր ուներ կապած։ Ուժ արեց և ոտները քաշ տալով մոտեցավ նրան, խոր գլուխ տվեց։

— Վարժապետ Մինասի կանցելարը ինչ տեղ ա,—հարցրեց։ — Ի՞նչ ես անում.․. — Խնդիրք ունեմ, փորձանք է եկել գլխիս... 30

Եվ աչքերում արցունք, Բադին սկսեց պատմել որդու մասին լսածը: