կա էդպես մարմարիոն... Իսկ ասում էի սա որտեղի՞ց է:Ես հո չեմ շինել:
Լեռն ելան պայթեցնողները և մարմարի վարպետները։ Շատ անգամ պայթեց դինամիտը, մինչև ճանապարհը հասավ լեռան գագաթը, և այդ ճանապարհով եզներն իջեցրին մարմարի առաջին քարը։
Ձորերը լցվեց զվարթ աղմուկով։
Լազրը, Երկաթ Սավվայի արդեն ծերացած որդին, դեռ թարմ ավյունով նրանց հետ էր, որոնք ճեղքում էին լեռը, պայթեցնում էին ժայռերը և գետնի մութ ընդերքի դուրս հանում մարմարի ծանր քարերը։
Նա նայում է մինչև սայլերը ծածկվեն լեռան հետևը, ապա նայում է ձորի մեջ ընկած իրենց գյուղին։ Եվ մարմարի որսորդը գոհ է, որ իր և աշխարհի համար գտավ այդ գանձը:
Բարձում են օրվա վերջին սայլերը:
Սայլապանները երկաթե շղթաներով բարձրացնում են մի քար, որ ծանր է հարյուր փթից: Երբեմն բարձում են և քար, որ քաշում է երկու տոնն։ Ապա մոտեցնում են սայլը, և մարմարը դանդաղ իջնում է սայլի վրա։
Ի՜նչ ահով են եզները նայում այդ սպիտակ քարերին, որ իջնում են շղթաների զրնգոցի և մարդկային աղմուկի մեջ:
Լազրը ինչ-որ բան է ասում սայլապանին, ապա շոյում է քարը:
Նա քարին զարկում է մի տարօրինակ գործիքով, որ և՛ մուրճ է, և՛ կացին, և՛ բրիչ․․․ Զնգում է մուրճը, և արձագանք է տալիս քարը։
— Երկու հազարից ավելի արժի։
Ես նայում եմ նրա գործիքին, նույնիսկ կարող է սղոցել քարը, նայած որ կողմից կհագցնես կոթը։
— Լազր, ո՞րտեղից է քեզ այս...