Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/376

Այս էջը հաստատված է

«Երեմիա սուրբ ծերուհի»... Խշշում են քարափի ուռիները: Բարձրերում բուք կա, և լեռնային բադերը մառախուղի միջով իջնում են դեպի տաք ձորերը։

Ահա քարանձավը... Նստել է որսկան Չատին, ոտքերի առաջ եղջերուն փռել է բարակ վիզը և սառած աչքերով նայում է գորշ մշուշին։ Քամուց ծփում է որսկանի սպիտակ միրուքը, նրա ոտքերի վրա բուսել է մամուռը։ Կարմիր մասուրներ կան մատների վրա։ Նա նայում է ինչպես եղջերուն, չգիտես խեղճ աղերսով, թե՞ անբարբառ աղոթքով։ Գուցե խարույկ է եղել նրա մոտ։ Վառել է չիբուխը խարույկի կրակից և գիշերվա ահից կուչ եկած թուխ մանուկներին պատմել քարանձավներում քրքջացող այսերի և մարդագող ալքերի հեքիաթը, երկար, ինչպես լեռնային երկրի ահավոր ձմեռը։

Գվվում է ձորն անհայտ աղմուկից, դողում է գետինը, դողում են ծառերը, և տարափով տեղում աշնան անձրևի ծանր կաթիլները։

Գվվում է քարանձավը, և լսում եմ մի ձայն, որ արձագանքի պես հնչում է մութ փչակից.

... էս խոր ձորերում

էս է՝ շորս քսան տարիս լրացավ,

Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,

Ոչ էլ մի անդամ աչքս լիացավ

Խշշում են մասրիները, որ բուսել են քարափի լանջին, որոնց խառնվել են այն տեսիլք ծերուհու մեռած մազերը։ Հետո աղմկում է ամբողջ անտառը, քամին է շառաչում, և հողմահալած մառախուղը կորչում է փչակներում, մթին քարանձավներում։ Կաղնիների բաց դեղին սաղարթի միջից աշնան արևը լուսավորում է փափուկ արահետները։

Խաղաղ խնդությամբ իջնում եմ գետափը։

Վերևում՝ քարանձավների առաջ, մնացին այն լուսերես ծերունիները, որոնք ապրեցին «ամեն մեռնողին երանի տալով», ոտքերի առաջ մի մեռած եղջերու...