Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/379

Այս էջը հաստատված է

Քարերն ու մագաղաթներն ավանդում են նրա քաղաքների կործանումը և սուր, և գաղթ։

Ինչպես մի եղեգն՝ նա խոնարհել է գլուխը հողմերի առաջ և խաղաղության ժամին նորից հառնել։ Նա սարսափահար փախել է իր գյուղերից, ինչպես նախիրը՝ հրդեհվող անտառից, ապա տուն է շինել քարափների վրա, և անձրևախառն քամին ծեծել է նրա հողաշեն խրճիթը:

Մեր երկրի ժայռերի վրա հաղթողները սնապարծ ոճով փորագրել են ավարառության և կողոպուտի պատմություններ, իսկ խավար խուցերում պատմագիրը հորինել է նույնքան սնամեջ առասպելներ հին փառքի մասին:

Ռամիկն անմռունչ պառկել է խանի, թավադի և սպիտակ ցարի մտրակի տակ, երբեմն ըմբոստացել, որպեսզի մյուս օրն ապավինի իր տխուր երգերին և նորից քաշի հին լուծը: Նա հերկել է ուրիշի հողը, սերմել է արյուն-քրտինք, իսկ առյուծի բաժին առել են ռեսը, վանքը և ռուբլու արքան:

նրա գորշ հյուղերի վրա երկինքը մաղել է տրտմության անձրևը:

Ես նայում եմ այս նորոգ մարդու աչքերին և կարդում նոր պատմությունը։ Դեռ ինչպիսի շենքեր պիտի բարձրանան մեր լեռների լանջերին և ձորերում, ինչքան քաղաքներ պիտի հառնեն տափարակների վրա, և զվարթաձայն հնչեն կառուցողների նոր երգերը։

Երկրի և մարդկանց վրա, հերկած հողերի վրա, իջնում է աշնան բարեբեր անձրևը..․