Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/383

Այս էջը հաստատված է

Նրանք ծանրախոհ մտնում էին այս և այն սենյակը, որոնք միանման էին, ինչպես խուցեր, և հաղորդում էին լուրեր, ստանում հրահանգներ և զենք։ Բակում անընդհատ աղմկում էին մոտոցիկլետներ, ավտոներ. սուրհանդակների ձիերր դոփում էին փողոցներում։

Գալիս էին զորամասերի պատվիրակներ, որոնք հայտնում էին իրենց կամքը՝ կռվելու ապստամբող բանվորների հետ կողք-կողքի։ Ոմանք միայն չեզոքություն էին խոստանում։ Նրանք հեռանում էին ընկճված և իրենց հետ դեպի զորանոցներն էին տանում լուրեր ապստամբության մասին։ Երբեմն գիշերային հետախույզները տեղեկություններ էին բերում քաղաքի շրջակայքում թշնամու կասկածելի զորաշարժերի մասին:

— Իսկույն ուժեղացնել հսկողությունը կամուրջների վրա... Կարմիր գվարդիականներին ուղարկել երկաթաղու կայարանները... Զինաթափել «Աստորիայի» սպաներին։ Դիմադրության դեպքում անխնա եղեք։ Ընկեր Մոկշին, ստուգեցեք ժամանակը։

— Տասնմեկից տաս պակաս:

Եվ երկուսն էլ նայեցին ժամացույցներին:

— Տասներկուսին ինձ զեկուցեք, որ «Աստորիա»-ն մեզ այլևս չի խանգարի: Շտա՛պ։

Խավար միջանցքների քարերի վրա լսվեց սապոգների մետաղյա ձայն, ապա աղմկեցին երեք բեռնատար մեքենա, և զինված նավաստիների խմբերը սլացան դեպի «Աստորիա»:

— Ուրեմն օղակել Նևայից մինչև Մարսյան դաշտը, ապա Մոյկայից մինչև Մարինսկի պալատը։ Հրետանին խփում է պալատի հրապարակի ուղղությամբ։ Գրեցի՞ր, Վասյա... Հետո զրահապատները...

Բայց հանկարծ ներս մտավ մեկը, որին երկու ժամ առաջ ուղարկել էին շտապ հանձնարարության։

— Նրանք փակեցին դարպասները... Բայց