Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/384

Այս էջը հաստատված է

պատուհանների վրա գնդացիրներ կան։ Սպասում են կոզակների երկու էսկադրոնի։

— Փակել Միլիոննի փողոցը և Նևայի գետափը մինչև կամուրջ։ Դադարեցնել տրամվայների երթևեկությունն այդ փողոցներով։ Զինաթափել էսկադրոնները, եթե մոտենան կամուրջին։ Ովքե՞ր են «Ավրորա»-ի հետ կապ պահպանողները։

— Ներկա են, — ոտքի ելան երեք երիտասարդ և մի ծեր նավաստի` Ստեֆան Բորգան։

— Կրեյսերը մոտեցնել կամրջին... Հետևել ազդանշանին և անհապաղ կրակել Ձմեռային պալատի կողմը: Քսան նավաստի ուղարկել ընկեր Անտոնովին՝ պալատի վրա արշավելու...

— ЕСТЬ,— ասաց Բորգան, առաջին անգամ՝ առանց կապիտանի: Դռան մոտ մեկն արագ նշանակեց նրանց ազգանունները և տրված հանձնարարությունը:

Մթին պալատների առջևով անխոս գնում էին չորս նավաստի։ Ցուրտ էր. ծովից փչում էր խոնավ ու սառը քամի, փողոցներում հատ ու կենտ լապտերներն օրորվում էին, և նրանց հետ օրորվում էին տների մութ ստվերները։ Կողպ էին դարպասները, պատուհանների փեղկերը, և ձայն չէր լսվում բարձր հարկերից։ Երբեմն նրանք հանդիպում էին զինված գիշերապահների, որոնք նշանաբանից հետո թողնում էին նրանց։

Փոթորկվել էր ծովը։ Վիթխարի ալիքները արշավում էին Նևայի հոսանքին հակառակ, գետն ուռչում էր, խփում ափերի գրանիտին: «Ավրորա»-ն բոլոր լույսերը հանգցրել և զգույշ լողում էր դեպի արքայական կամուրջը: Միաժամանակ նավաստիները մթնում հանում էին թնդանոթների պղնձե երախակալները և նրանց պողպատյա փողերը դարձնում դեպի Ձմեռային պալատը...