Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/388

Այս էջը հաստատված է

Ստեֆան Բորգան պոկեց գեներալի բրաունինգը և ոսկեզօծ էպոլետները։

Իսկ դրսում, Ձմեռային պալատի բակում, լսվում էր հոմերոսյան քրքիջ։ Հռհռում էր զինված բազմությունը, ծիծաղում էին և սրախոսում։

Զինաթափ էին արել Կերենսկ ու վերջին հույսը՝ կանանց բատալիոնը։ Նրանց շարքի էին կանգնեցրել և սպասում էին հրամանի՝ որևէ տեղ տանելու։

— Նու, Ֆենյա, հանիր բրյուկդ։

— Իսկ էն տյոտյան նրանց հրամանատարն է:

— Ախ դուք Կեբենսկու հարսներ... Գնանք մեր զորանոցները...

Կոմիսարը կարգադրեց առանձնացնել կանանց բատալիոնը։ Ապա հարցրեց.

— Ո՞ւր ուղարկեմ ձեզ...

— Ընկեր կոմիսար, նրանց ուղարկիր իրենց կազարման... Այնտեղ նրանք սնդուկների մեջ կունենան իրենց դեյրաներն ու կոֆտաները: Կհագնեն և կկորչեն տները,— միջամտեց Բորգանը:

Մեկը բղավեց:

— Պատգամավորները դեպի Խորհուրդների շենքը...

Ստեֆան Բորգան հեգնանքով նայեց գերի ընկած կանանց և հեռացավ։ Իսկ մյուս նավաստին չդիմացավ գայթակղության և ծածուկ կսմթեց Ֆենյայի հաստլիկ թևը...

Պետրոգրադի Խորհրդի նիստի ժամանակ անսպասելի կերպով ներս մտավ գորշ վերարկուով մի մարդ: Նա մի վայրկյան նայեց ոգևորությունից հուզված պատգամավորների բազմությանը, որոնց վրա թանձր ծուխը ծփում էր, և օրորվում էին ջահերի ոսկե ժանյակները։ Գորշ վերարկուով մարդը նայեց մի վայրկյան, ապա հաստատ քայլերով մոտեցավ ամբիոնին։