Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/405

Այս էջը հաստատված է

ՄԻՐՀԱՎ

1

Աշուն էր, պայծառ աշուն: Օդը մաքուր էր, ավելի թափանցիկ, սրբած ապակու պես: Հեռավոր սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, ասես մեկը սրբել, լվացել էր նրանց լանջերը:

Աշուն էր, տերևաթափով, արևի թուլացած ջերմությամբ, ցուրտ քամով: Դեղնած տերևները քամին քշում էր խմբերով, տանում հեռու: Ծառերը խշխշում էին քամուց, բոստանում սիմինդրի չորացած տերևները քսվում էին իրար, և արևի տակ վերջին արևածաղիկն էր ժպտում:

Հնձանի առաջ, մամռոտ քարի վրա նստել էր Դիլան դային, միտք էր անում ականջը սիմինդրի տերևների խշխշոցին: Աշնան արևը ջերմացնում էր նրան, ձորի խաղաղությունը դուր էր գալիս: Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց, Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ալիքների վրա օրորվող տաշեղի պես: Հնձանի դռնակը ճռնչում էր, քամին դուռը բաց ու խուփ էր անում: Աշնան խաղաղ օրին Դիլան դայուն հաճելի էր և սիմինդրի տերևների խշխշոցը, և վազերի օրորը, և հնձանի դռնակի ճռնչոցը:

Այդպես մի անգամ էլ ճռնչաց դուռը տարիներ առաջ, երբ Դիլան դային ջահել էր: Էլի արև օր էր: