Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/417

Այս էջը հաստատված է

Օհան ապերը։ Հիմա մեր գյուղերում շատ քիչ են նրա նման մարդիկ։ Ամեն առավոտ շարական էր կարդում։ Նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին, մեկ-մեկ դնում կրակի վրա և պատմություններ անում շահի ժամանակից, անցած-գնացած օրերից, վաղուց մեռած մարդկանց կյանքից։

Տանը չորս հոգի էինք։ Ես, Օհան ապերը, նրա պառավ կինը և տաս տարեկան Աշոտը, որ առաջին ընկերս էր դպրոց գնալիս ու գալիս, քանի դեռ շները վարժ չէին ինձ, հաչում էին կտուրների վրա, ետի ոտքերով ձյուն մաղում ինձ վրա։

Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա։ Հին գեեզմանատունը դպրոցի բակն էր։ Մի ընդարձակ սենյակ էր, փայտի հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատից գրատախտակը։ Ուրիշ ոչ մի զարդ չկար անսվաղ պատերին։ Պատուհաններին ապակու տեղ յուղած թղթի կտորներ էին խմորով փակցրել։

Միակ ժամացույցն ինձ մոտ էր։ Մի օր էլ բլրակը բարձրանալիս ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցը փշրվեց։ Եվ մինչև վերջն էլ մնացի առանց ժամացույցի։ Արև օրերին ստվերներով էինք ժամը որոշում, թխպած ժամանակ` երբ հոգնեինք...

Երկու շաբաթ հետո քառասունի չափ իմ աշակերտներին անունով էի կանչում, շատերի տունն էլ գիտեի, ոմանց ծնողներին էլ էի ճանաչում։ Ժիր երեխաներ էին, պսպղան աչքերով: Այնքա՜ն շուտ էին ըմբռնում, և այնպես արագ ընտելացանք իրար։

Օրապահի զանգի զնգոցին ես իջնում էի տան սանդուղքով, բլրակի գլխին չհասած արդեն տեսնում էի դրպրոցի առաջ խմբված երեխաներին։ Խմբով էլ ներս էինք մտնում:

Դասերից հետո համարյա միշտ տանն էի մնում։ Օհան ապերը գոմն էր գնում տավարին ապուռ տալու, Աշոտը մարագից քթոցով դարման էր կրում, պառավն օջախն