Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/42

Այս էջը հաստատված է

ձմեռ էլ մարագի երկու գերանը ձյունի ծանրությունից կքեցին, հող թափվեց մարագում:

Երբեմն Շահանն ուշադիր նայում էր մեծ աղջկան՝ Սանդուխտին, ուզում էր նկատել, թե հասնու՞մ է աղջիկը` հունցած խմորի պես, ինչու՞ ուշ է ձևավորվում մարմինը, շարժումները դեռ մնում են մանկական, հարցերն անմեղ ու միամիտ: Սրա-նրա հացատանը Շահանը լուրեր էր որսում, և երբ խոսք էր ընկնում աղջիկ տալու և առնելու մասին, Սանդուխտին էր մտաբերում: Մի տեղ լիներ, տեղաց աներ երեսի ջրով, բեռը թեթևանար, մնացած երկուսի մասին մտածեր: Հանկարծ ոչ ոք չուզեր, աղջիկները 10 դեղնեին սերմացու վարունգի պես և անպտուղ մնային նրանք: Բայց չէ՞ որ շնորհքով էր Սանդուխտը, ամոթխած ու խոնարհ, աչքերը` կտավատի կապույտ ծաղիկներ:

Եվ մի օր էլ, երբ Ղազախի Օհանը փողոցում Շահանից ուզեց Սանդուխտին իր որդու համար, ոչ մի խոսք չասաց կտավատի կապույտ ծաղիկների մասին, հարցրեց, թե Սանդուխտի հետ կալն ու խանգարված մարագը կտա՞ Հանեսի աղջիկը:

Երեկոյան միտք արեց, գնաց եղբոր հետ խոսեց: Եղբայրն էլ համաձայն եղավ:

— Ինչի՞դ ա պետք մարագը: Դրանից էլ լավ տեղ…

Հ20 որ տնից վերադարձավ, դարձյալ միտք արեց: Եվ Սանդուխտը չհասկացավ, թե ինչու մայրը նրա մազերը շոյեց, հետո կռացավ ճակատը պաչեց: Թարմ լավաշի հոտ էր գալիս մոր ծոցերից, և երբ Սանդուխտը աչքերը կիսաբաց արեց` տեսնելու մորը, զարմացավ, թե ինչքան շատ փող ուներ նա: Երդիկից լուսնի կաթնագույն շողքն էր ընկել, և Շահանի բռան արծաթների վրա շողքն էր ցոլցլում: Սանդուխտին մի դեյրացու առնելու փողը կար, մի քիչ էլ ավել:

Մյուս օրը, երբ Ղազախի Օհանը կնոջն ուղարկեց աղջկատես, Շահանը Սանդուխտին լվաց և խնամքով հյուսեց