Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/426

Այս էջը հաստատված է

Խոնարհն էր։ Նրա աչքերում ուրախության ժպիտ կար, ժպտից սև աչքերը փայլում էին սարյակի փետուրների պես։ Այդ աչքերը, երկու ձիթապտուղ...

Ձեռքը բռնեցի։

— Խոնարհ...— ձայնս դողաց։

— Թող,— ասաց ու ձեռքը քաշեց ծափ տալու համար քրոջը, որի դեմքը անսովոր հաճույքից կարմրին էր տալիս։ Ծափահարում էին և դահլիճում, ավելի ճիշտ, զանազան ձայներով, ձեռնափայտի շարժումով իրենց գոհունակությունը հայտնում։

Քիչ հետո հանդեսը վերջացավ, ցրվեցինք։ Ինձ թվաց, թե հանդեսը շատ տխուր վախճան ունեցավ, գարնան օրն էլ պղտորվեց։ Ականջիս տակ նրա խոսքն էր՝ թո՛ղ։ Ձեռքիս էի նայում, ուզում էի ստուգել՝ բռնե՞լ եմ արդյոք նրա ձեռքը։ Ինչո՞ւ այդքան կարճ էին նրա մատները։

Հանդեսից հետո Խոնարհին մի քանի անգամ էլ տեսա։ Պատահմամբ իմացա նրանց այգու ճանապարհը։ Դասերից հետո ձորակ էի գնում, պառկում Օհան ապոր այգու կապույտ քարին, որից վերև, այգու ցանկապատի կողքով նեղլիկ ճանապարհով նա պիտի այգուց վերադառնար։ Ոչ մի խոսք չասացի նրան, թեկուզ մի քանի անգամ տեսա ցանկապատի ետև։ Հայրն առաջից էր գնում, այգու չոր ցախի մի կապ մեջքին, ինքը ետևից, ջրամանն ու հացի շորը թևի տակ: Հետս գիրք էի առնում, բայց և ոչ մի երես չէի կարդում, որովհետև ամեն մի ոտնաձայնի վեր էի թռնում, նայում ճանապարհին։

Մի անգամ միայն նայեց ինձ, ժպտաց: Ինձ թվաց, թե հացի շորը նա դիտմամբ վեր գցեց, որ կռանա, մի քիչ էլ ավել մնա։ Գուցե այդպես չէր, գուցե իրոք շորը սահեց, ընկավ:

Հիմա էլ պարզ տեսնում եմ նրա դեմքը՝ ցանկապատի փշերի արանքից։ Նույն աչքերն էին, ինչ որ բարեկենդանի օրը, կտուրի վրա։ Մանկան արտահայտություն