Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/429

Այս էջը հաստատված է

խելոք աչքերը: Եվ այնքա՜ն խեղճություն կար Ճուտիկի աչքերում:

Ձիապանի կանչը ինձ հիշեցրեց, որ ժամանակն է հրաժեշտ տալու։ Մանուկները մի անգամ էլ ձեռք տվին, աղջիկների լացը թնդեց։ Կռացա, ճուտիկի ճակատը համբուրեցի, ինչպես Օհան ապերը պատշգամբում։ Իմ աչքերում էլ արցունք երևացին, արցունքի միջից մի անգամ էլ տեսա այգու դռնակը, բլրակը, դպրոցի ներկած թիթեղները։ Այգու ծառերը ծածկեցին ամեն ինչ։

Քայլում էի ձիապանի ետևից: Մինչև զառիվայրի արահետը ճանապարհն անցնում էր փոքրիկ տափարակով։ Կանաչ արտերում քաղհան էին անում, մի քիչ վերև, սարալանջին եզները դանդաղորեն քաշում էին արորը, հանգստացած հողը շուռ տալիս ակոսի մեջ։ Արտերում կանաչի մեջ կարմիր-կապույտ ծաղիկներ կային։ Բացվել էր պուտը։

Սպիտակ քարի մոտ, գոգաձև ընկած երկարադարձ արտերում քաղհան անող կանանց մեջ տեսա Խոնարհին։ Մեր հայացքներն իրար հանդիպեցին, և ես նրա աչքեբում այս անգամ ժպիտ չտեսա։ Ի՞նչ էր ասում, դժվա՞ր էր նրա համար, որ ես հեռանում եմ Ձորագյուղից, չէ՞ որ ինձ ոչինչ, ոչինչ չէր ասել խոնարհ աղջիկը: Հագին նույն գորշ զգեստն էր, ինչպես առաջին անգամ անտառում։ Արտի կանաչի մեջ կանգնել էր, ձեռքին քաղհանի բիրը, կարմիր պուտ և մոլախոտի մի կապ։

Ոչինչ չասացի, հեռացա։ Արահետով բարձրանալիս միշտ ետ էի նայում։ Կռացած կանայք կանաչին ընկած ոչխարի էին նման։ Եվ այդ հոտից մեկը, գորշ շորերով մի աղջիկ ավելի հաճախ էր բարձրանում, կանգնում մի պահ, ձեռքը ճակատին դնում, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետին։ Արահետի գլխին կանգնեցի, և, երբ մի անգամ էլ բարձրացավ, նայեց, ձեռքով արի։ Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա։ Ձիապանը ձայն տվավ, որ քայլերս արագացնեմ ։