Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/441

Այս էջը հաստատված է
* * *

Արև մի կեսօր Կաքավաբերդի զառիվայրն ի վեր բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց էլ երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդ են, առաջին անգամ են բարձրանում Կաքավաբերդ:

Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ նրանք պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել՝ հավասարակշիռ մնալու, — երրորդ ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ, մոտիվը նույնքան մելամաղձոտ ու հուսահատ, որքան ամայի ձորը, զառիվայրի բարակ կածանը, հեռավոր գյուղը։

Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ էլ ծածկվում։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում: Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքեր իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ, ավերից դարձող համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցների արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին՝ եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս, լսում ձիերի դոփյունը։ Ի՜նչ դժվար էր նրա համար զառիվայրը, և ի՜նչքան հեշտ երբեմնի տերերը մագլցում էին այդ նույն կածանով։

Երբ հասան վրաններին, առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը: Նա հին կածանն էր փնտրում և չէր տեսնում վրանների առաջ մոխրում խաղացող կիսամերկ երեխաներին, այծերին, որոնք զարմանքից վեր ու վար էին անում գլուխները, մորուսները շարժում։

Ֆետրե գլխարկով երկրորդ ձիավորը հնություններ չէր որոնում Կաքավաբերղի գլխին։ Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը։ Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի