Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/444

Այս էջը հաստատված է

արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում, սրբում։

Հուզմունքից ընդհատ էր նրա շնչառությունը, և ֆետրե գլխարկով մարդուն այնպես էր թվում, թե նրա շնչից են չորանում ծաղիկ ու խոտ, նրա մատները մորթում են մանուշակներին, ցողունը կաքավի կարմիր ոտ, ծաղիկների ծիրանագույն բաժակները դեն շպրտում, որպես մորթած կաքավի գլուխ։

Երբ նա նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետի համար, տետրի նոր երեսի վրա նկարեց և պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում կողովի չափ ցինի բունը, պարսպի ոտների տակ ալպիական մանուշակներ։

* * *

Կեսօրից անց նրանք իջան բերդից: Հնագետը իջնելուց առաջ մի անգամ էլ պտույտ տվավ բերդի չորս կողմը, տետրում մի բան էլ նշանակեց և ապա արագ քայլերով հասավ ձիերին։

Այս անգամ ամենից առաջ գնում էր երրորդ ձիավորը։ Եթե հնագետի գլխում Բակուր իշխանն էր և մատենագրի մագաղաթը, ֆետրե գլխարկի տակ մանուշակներ, մամռապատ քար և Բասուտա գետի խուլ աղմուկը, երրորդ ձիավորի աչքի առաջ թարմ լավաշներ էին, պանիր ու մածուն։

Նա հենց առաջին վրանի մոտ ձիերն արձակեց, սանձով կապեց ձիերի ոտքը, ներս մտավ վրանի նեղլիկ դռնից։ Քաղցած ձիերն ագահությամբ դունչերը կոխեցին թարմ կանաչի մեջ։

Վրանի մուտքի մոտ, օջախի կողքին փոքրիկ մի տղա մոխրի մեջ սունկ էր խորովում։ Անծանոթ մարդկանց ներս գալը նրան զարմացրեց: Չիմացավ՝ սո՞ւնկը թողնի կրակի վրա, վազի մո՞ր ետևից, թե՞ սունկն էլ հետը տանի: Երբ վրանի մոտ լսեց մոր բոբիկ ոտքերի