Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/447

Այս էջը հաստատված է

եռոտանու առաջ նստած, աթարի ծուխի շարժումները գուշակող։ Կապույտ երիզի պես ծուխը ձգվում էր վեր, հալվում օդի ոլորտում, ասես մի անտես ձեռք վերից քաշում է մետաքս թելերի մի խուրձ, իլիկին փաթաթում։

Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի քայլել, չի նստել մխացող աթարի առաջ։ Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում, հազար լեզու կովի պես ափերի կրաքարերը լիզում որպես աղաքար։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում, տառեր գծում, հետո ավերում:

Ինքը ձեռքին չոր ճյուղ ուներ. ջարդում էր, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին և չոր ճղան մանրիկ փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը լայնարձակ մի ծով թվաց, և սիրտը խառնվեց ծովին։

Հետո ուրիշ օրեր եկան։ Այնքան պատահական եղավ ճամփաբաժանը և այնպես պարզ։ Մտքի առաջ մնացին միայն մի զույգ մանիշակագույն աչքեր, գորշ գույնի վերարկու, հովանոցի ծայրը, որով կինը խոստումներն էր գրում ավազի վրա և ավերում։

Թեյամանում ջուրը պլտաց, կափարիչը ձայն հանեց։ Կինը կողովից պնակներ հանեց, մեջքը բարակ ծաղկավոր բաժակներ, սփռոցի վրա թեյ շարեց։ Երբ կռացավ սփռոցի վրա, թիկունքին ընկած ծամը թեքվեց, կախվեց ուսն ի վեր կրծքի վրա։ Ծովափի կինը կարճ խուզած մազեր ուներ և սպիտակ պարանոց, որի բարակ մորթու տակ երևում էին կապույտ թելերի պես երակները:

Տղան ներս վազեց, դատարկ տուփը ձեռին: Մի խումբ մանուկներ վրանի դռնից զարմանքով նայում էին խսրի վրա նստոտած հյուրերին։ Որքան մեծ եղավ տղայի ուրախությունը, երբ նա երկրորդ տուփն ստացավ։ Այս անգամ նա դուրս չվազեց, նստեց խսրի վրա, մայրը նրա