Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/450

Այս էջը հաստատված է

մնացել են կարասում, քարի տակ, որի վրա շարունակ նստել է, երբ այծ ու ոչխար էր պահում բերդի ավերակներում։

Այդ միտքն էր նրան զայրացրել, թե հոգնածությունը,— մարդը գազազած էր, թոնթորում էր, որպես իրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջ։ Հենց արջի էլ նման էր։ Արջն էլ շատ անգամ կածանով բարձրանալիս ետի ոտքերի վրա է կանգնում, կաղնու մի չոր ճյուղ դնում ուսին և թաթերով ճյուղը բռնում։ Հնձվորը գառան մորթե փափախ ուներ գլխին, բրդե չուխա էր հագին, մազոտ էր դեմքը, ձեռքերը որպես արջի թաթ:

Մարդը հասավ առաջին վրանին, ոտով զարկեց շանը, որ պոչը ծռմռոտելով մոտեցել էր տիրոջ ոտները հոտոտելու, գոտուց մանգաղը հանեց, շպրտեց մի անկյուն, փայտը դրեց օջախի մոտ և լուռ նստեց խսրի վրա։

Օջախը մխում էր. թեյամանում եռում էր տաք թեյը։ Երկու կտոր շաքար դրած էր ծալքատեղում, բարձի վրա։ Հնձվորը դեռ տրեխները չէր հանել և թափ չէր տվել կորեկի փնջերը գուլպաներից, երբ սուրմեքի զրնգոցով, երկար զգեստի ծալքերն իրար քսելով ներս մտավ կինը, կնոջ փեշից կախված տղան, կոնսերվի երկու դատարկ տուփ ձեռին։

Տղան հոր մոտ վազեց տուփերը ցույց տալու։ Հայրը հասկացավ, որ ձիավորները իր խսրի վրա են նստել, աչքն ընկավ ծալքատեղի երկու կտոր շաքարին։ Տղան ցույց տվեց և արծաթ դրամը, որ տվել էր իրեն բարի մի հյուր։

Հայրը ոտքով դեն հրեց որդուն էլ, դատարկ տուփերն էլ։ Գլորվեցին տուփերը, տղան էլ գլորվեց, ապա ցատկեց, վազեց տուփերի ետևից։ Երկու տուփը ձեռքին էր, երբ հանկարծ սկսեց լալ, փաթաթվել մոր փեշին։

Հայրը ձայնը քաղցրացրեց, տղային կանչեց, խնդրեց նրա արծաթ դրամը և խոստացավ նրան շոր առնել։