Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/457

Այս էջը հաստատված է

դուս էր թռել, վախից գյուղի ճանապարհը կորցրել ու մինչև լույս բոստաններում պտույտ էր տվել. կամ այն, թե ինչպես սարում գայլերը հարձակվել են ձիու երամակի վրա, ինքը պահվել էր ձիերի արանքում, մի կերպ ազատվել։ Եվ պապս պատմությունն անելուց միշտ` կամ ջահել օրերին երանի պիտի տար, կամ էլ առանձին շեշտ տալով խոսքին, հայտներ, թե`

— Աշխարքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չլինի...

Աշխարհից, չար ու բարուց անտեղյակ միամիտ երեխաներ էինք: Ու մեզ համար ամենից հզորն ու սարսափելին գյուղի գզիրն էր: Տանուտերը, որ հարևան գյուղում էր նստում, մեր գյուղի գործերը գզիր Իրիշի ձեռքով էր տեսնում։ Մեկ էլ կտնկվեր կտուրին կամ կկռանար երդիկի վրա ու կկանչեր.

— Քյոխվից հրաման կա... տերության խարջը երեք օրում ուզում են։ Չտվողին` Սիբիր...

Եթե հրամանը հասարակ էլ լիներ, Իրիշը սպառնալիքով պիտի վերջացներ խոսքը։ Ոչ մի խնդիր, ոչ մի աղերս չէր կարող կակղեցնել նրա սիրտը։

— Ուզում ես թագավորի հողից ինձ քոչացնե՞ս...

Չէ, չէ, բեր։ Ես ի՞նչ պատասխան պիտի տամ քյոխվին։ Ուզում ես խալխի մեջ ինձ խայտառակ անի՞։ Չէ, չէ, բեր, չբերողին` Սիբիր...

Գզիր Իրիշը մեզ սարսափելի ու հզոր էր թվում, որովհետև պապս, որ մեր աչքում անվախ մարդ էր, գայլի հետ կոխ կացած,— պապս էլ էր խեղճանում, երբ գզիրը կանչում էր երդիկից կամ թե մոտենում էր դարպասի քարին նստած պապիս, շատ չոր ու կոշտ կերպով հայտնում տանուտերի հրամանը։

— Աղ ու հացը քոռացնի աչքերդ, Իրիշ...

Պապս էր ասում, երբ գզիրը հեռանում էր այնքան, որ էլ նրա խոսքը չէր լսի։

Եվ ամեն անգամ, երբ գար ու գնար Իրիշը, պապս