Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/484

Այս էջը հաստատված է

խաչել է, ինչպես թևերը ծալում է սառած թռչունը: Գլուխը մի քիչ թեքել է և հանգիստ քնել: Երեսը առաջվա դեղինն է, բայց գլխավերևը կարմիր ծաղիկներ են, սպիտակ մոմեր։ Ծաղիկների կարմիրը խաղում է նրա դեմքին, երբ թրթռում են մոմի կրակները։

Նուշիկի դագաղը հասարակ տախտակ է։ Վարպետը լավ չի ռանդել,— մեխը երևում է։

Ոտքը կծակի,— մտածում եմ ես և տխուր երգում Նուշիկի համար։

Անդոն չկա, նա չի եկել։

— Ես չե՛մ երգի... Չե՛մ ուզում։

— Դու քեզ անկարգ ես պահում, —բարկացավ ուսուցիչը։ Իսկ Անդոն գրքերը լուռ հավաքեց։ Դասարանը սպասում էր։ Ուսուցիչը նորից պահանջեց, որ նա էլ միանա խմբին, որովհետև Անդոն ամենալավ երգիչն է, նրա ձայնը զիլ է և քաղցր։

— Չեմ գա,— քթի տակ ասաց Անդոն։

Ուսուցիչը դասացուցակը ամբիոնին խփեց և գնաց ուսուցչանոց։ Որտեղ որ է կգա ավագ ուսուցիչը։

— Անդո՛...

— Ասացի չեմ գնա։ Դուք գնացեք։

Մտնում է «ավագը»։ Նա նրան անվանում է կամակոր, համառ, պնդում է, որ միանա խմբին։

— Դո՛ւրս կորիր այստեղից, — գոռում է ավագ ուսուցիչը։ Աղջիկներից մի քանիսը վախից գունատվում են։ Անդոն հավաքել է գրքերը և գլուխը բարձր բռնած անցնում է նստարանների արանքով դեպի դուռը։

— Անպատկա՛ռ,— նրա հևտևից ասում է «ավագը»։ Անդոն դասարանի դուռը հետևից պինդ փակում է։

...Մենք ուղեկցում ենք դագաղը։ Փոքրիկ փոս է, ինչպես ծառի համար։ Դագաղն իջեցնում են։ Հեռանում ենք, մնում է մայրը, հարևան կանայք։

Գերեզմանատանը շատ մանուշակներ են բուսել։ Մենք մոռացել ենք Նուշիկին և փնջեր ենք կապում։ Պատի