Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/487

Այս էջը հաստատված է
* * *

Քաղաքը տափարակի վրա է։

Դեպի հարավ, ուր մինչև հիմա էլ մնում է անհայտ շենքի ավերակները, տափարակը հանկարծ կտրվում է, կախվում է խոր ձորի վրա, որի հատակին տխուր խոխոջում է մեր գյուղի գետը։

Ձորում բնությունը ավերածություններ է անում։ Փլվում է քարափը, դիմացի ժայռերից ահագին քարեր են գլորվում, խառնաշփոթ դարսվում իրար վրա։ Գարնան հեղեղին ձորը լցվում է պղտոր ջրով։ Կատաղած գետը ահռելի թափով զարկում է քարերին, փշրում, գլորում ցած, և քարերն իրար հրելով, կայծեր են հանում, խուլ գոռոցով քերում ձորի պատերն ու հատակը։

Տափարակը վերջանում է քարափի գլխին։ Ուղղաձիգ ժայռերի լանջով ընկնում է սպիտակ արահետը, որ տաք անձրևից հետո շողշողում է կրաքարի փայլով։

Միայն մարդիկ են անցնում այդ կածանոմ։ Ոչ ոք չի կարող շալակին բեռ տանել այդտեղով: Նեղ է, դժվարին կապեր, օձապտույտ կեռմաններ։ Իսկ ներքևը՝ ձորի երկու ափին, այգիներ են՝ քարերի վրա, քարակույտերի մեջ։ Ձորը խոր է, ձորը տաք է... Մինչ քաղաքի փողոցներում դեռ սևացած ձյուն կա,— ձորից տաք գոլորշի բարձրանում, և սառած օձերը պառկում են քարերի փափուկ մամուռի վրա։

Ձորն ահավոր է, ձորում ամայի տխրություն է։

Մի քանի քարափոր մարագներ կան, որոնց մեծ մասի դռները կանաչել են։ Նրանց տերերը վաղուց չկան, և խոնավ քարայրները նրանց մահից հետո տաք հարդի շեղջակույտ չեն տեսել։ Մարագների առաջ հին թթենիներ են, դարձյալ անտիրական։ Ով սիրտ ունի, ոտքի ջլերը պինդ են, իջնում է կեռմաններով, շաղահարում թթենին և քարերի վրա թափվում են սպիտակ, սև ու կարմիր թութը։

Այդտեղ են կարանները...