Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/495

Այս էջը հաստատված է

հանդարտեցին ճրագները։ Քաղաքի վրա սպիտակ լույս էր, կաթնանման լույս...

Սարի մյուս երեսը խավար էր։ Լուսինը ցածր էր. և սարի կատարը ծածկում էր ձորը նրա սպիտակ մանգաղից: Կառքը գլորվում էր ցած, թվում էր, թե անդունդն ենք իջնում, անհատակ անդունդը, որտեղից էլ դուրս չենք գալու։

Այսպես անհատակ էր մեր Գյունեյ թաղը, երբ իջնում էր խավարը, քաղաքը ողողվում էր առատ լույսերով, իսկ մեր գյուղում հանգչում էր վերջին կավե ճրագը։

Քարափի գլխից Անդոն նայում էր գյուղի կողմը և դառնացած ասում, որ պղնձե լարերը չեն անցնում գետի մյուս ափը, քարերի մեջ կորած մեր խավար գյուղը։

* * *

Իբրև վաղեմի պատմագիր, դողդոջ ձեռքերով ես սկսում եմ իմ պատմության վերջին էջերը։ Հարկավոր է պատրույգը բարձրացնել, և մինչև հատնի ձեթը, ավարտել անկրկնելի օրերի նկարագիրը։

Հիմա էլ մնում է մեր քարափը, իբրև հսկայի մատ՝ Ցից քարը մեր թաղի գլխին։ Ուզում եմ, որ այս անզարդ տողերը մնան այնքան, որքան կմնա մեր քարափը։

Վրա հասան դառնաշունչ օրերը, ինչպես ցուրտ աշուն։ Արտերում հասած ցորենները ծլում էին, մարդիկ մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում հրացանի փակաղակը։ Արճիճի կարկուտը ծեծում էր քարերն ու քարափները, հրանոթի գնդակը շառաչելով պայթում էր ծմակների խորքում, սարսափահար անում մարդկանց ու գազաններին, ճղակտոր ջարդում հասակա՜վոր ծառերը։

Սկսվեց ձմեռը, մահվան նման սառն ու անողոք։ Քաղաքում գզգզված մազերով մի մանտյոր, մազութից սևացած շորերով, սանդուղքն ուսին, իբրև լապտերավառ, տնե-տուն էր ման գալիս։ Մի տեղ՝ բուքը պղնձե