Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/503

Այս էջը հաստատված է

Նա շատ անգամ է նստում մինչև կես գիշեր այն սենյակում, որի պատուհանից երևում է քաղաքի մեծ մասը, բլուրները, ճանապարհները` որոնք ծալվեծալ գնում են կեռումեռ, գնում են անվախճան` դեպի ուրիշ քաղաքներ, երկրներ։

Այդ սենյակում Լևոնի գրասեղանն է։ Նա փռում է բազմաթիվ աղյուսակներ, ցուցակներ, վերցնում է մատիտը, գլուխը կախում նրանց վրա և հաշվում ։

Նա հաշվում է տրակտորներ, գութաններ, հաշվում է երկաթե փոցխեր, սերմեր, որ գարնանը թափվում են խոնավ հողի մեջ, ծլում է բամբակը, աղջիկները քաղհանում են, ծաղկում է բամբակը, աղջիկներն իրենց գոգը լցնում են սպիտակ բամբակով, ու բամբակը գնում է, դառնում գույնզգույն չիթ, աղջիկները հագնում են նախշուն չիթը, և երբ խաղում են նրանք, թրթռում է մարմինը, քամին փռփռացնում է դեյրան, և ծաղկավոր դեյրան ծփում է ինչպես արտը, չիթի ծաղիկները օրորվում են, երբ խաղում է նրանց մարմինը։

Այս վերջին հանգամանքի վարիչը այն թուխ երիտասարդներն են, որոնք գրկում են քաղհանավոր աղջիկներին և չեն կարող ասել, թե ի՞նչն է բուրում՝ աղջկա մարմինը, թե խշխշան դեյրայի ծաղիկները։ Թուխ երիտասարդներն են և բանաստեղծները, որոնք գրում են նրանց մասին։

Իսկ Լևոնը միայն սերմորայքի և մեքենաների բաժնի վարիչն է։ Այդ մեքենաները հեռու գործարաններից են գալիս և քաղաքի պահեստներից նրա ստորագրած օրդերներով դուրս գնում բազմաթիվ ճանապարհներով դեպի գյուղերը և նրանց դաշտերը, որտեղ կա ջուր, արև և քրտինք։

3

Լևոնը կանգնեց դռան առաջ, ձեռքը տարավ գրպանը, շոշափեց բանալին, որ գրպանում տաքացել էր։