Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/508

Այս էջը հաստատված է

երկինքը սևացել էր, սևացել էր և գետինը, պայթել էր ջարդը, հրդեհը, գաղթը։ Անցած ճանապարհներին թողել էին բազմաթիվ անքար դամբարաններ, որոնց մեջ ամփոփված էին սովից, սրից, տապից ու ծարավից մահացած մշակներ, մանուկներ։ Բաղդադում պապեն ստացել էր տենդ, որ հյուծել էր նրան, ինչպես սովը։ Մաջիտա հանըմըն էլ ծանր ոսկրացավ ուներ։

Նրանք փոխն ի փոխ պառկում էին, և ով ոտի վրա լիներ` հավերին նա պիտի խնամեր, նա` պիտի պտտեր կարի մեքենայի ժանգոտած անիվը։ Երկուսն էլ վախենում էին մահից, սակայն ոչ իր անձի, այլ մյուսի համար, որ նրա մահից հետո պիտի մնար մենակ։

Լևոնի այդ տունը փոխադրվելուց հետո պապեն ու «հանըմը» իրենց հովանու տակ էին առել նրան։

Մաջիտա մայրիկը ավլում էր նրա սենյակը, սրբում էր փոշին, երբեմն, և այն էլ երեկոները, թեյ էր առաջարկում։ Փոխարենը Լևոնը հատուցում էր բժշկին զանգահարելով, բնակարանի, լույսի և այլ մանր առօրյա պետքերին երբեմն աջակցելով։

— Մաջիտա հանըմի հոգևորդին է ընկեր Լևոնը,— ասում էին հարևանները։

Իսկ Մաջիտա հանըմը անկաշառ խանդաղատանքով էր արտահայտվում նրա մասին, ակնածությամբ նրա անունը տալիս և երբեմն պարծենում այդպիսի մարդու բարեկամությամբ։

Լևոնը չէր մերժում այդ բարեկամությունը։ Լարված աշխատանքից հետո հաճելի էր կարճ ժամանակ զրույց անել Մաջիտա մայրիկի հետ այնպիսի բաների մասին, որ կապ չունեն մեքենաների, պլանների, հաշիվների, խորհրդակցությունների հետ։

«Պապեն» նրա սենյակը ոտք էր կոխում տարին մի կամ երկու անգամ և բավականանում էր բարևով։ Իսկ մայրիկը կարող էր պատմել միայն այն աշխարհից, որի սահմանները հասնում էին մինչև դարպասը։ Մանր