Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/516

Այս էջը հաստատված է

տրակտորները փոխադրեն մի ուրիշ շրջան, որովհետև այնտեղ պահանջը մեծ է, իսկ գարունը ջերմացնում է, հողը վար է պահանջում։

Մի շրջանի նախագահը մանվածապատ սխում է «նաղլր», իսկ Լևոնը մի քանի կտրուկ հարցերով տեղն է գցում խոսակցությունը, ինչպես շկիվից թռած փոկը։ Լսում է մարդուն, հեռախոսը զանգահարում է նորոգման արհեստանոցը, և մտքի խորշում միաժամանակ շարժվում է նոր գաղափար, նոր գործ, նոր նախահաշիվ։

Սենյակի մեջտեղը ահա այդ մարդն է կանգնած, որի օրը վերջացել է, պիտի հանգստանա վաղվա աշխատանքի համար: Բայց այսօր տեղաշարժ է եղել նրա առօրյան, և ինքն էլ հետաքրքիր զննում է իր ընթացքը։

— Ասաքի մոտ ուշ չի՞...— նայեց ժամացույցին։

Միջանցքում կախված է շինելը։ Դուրսը խոնավ է, և Լևոնը կախարանից հանում է շինելը և ոչ թե պալտոն։ Հագնվում է և պինդ կոճկում։

Տաք շինելը ձգում է մեջքը, և այդպես նա իրեն կայտառ է զգում։

Հանգցնում է լույսը և զգուշությամբ բացում ապակյա դուռը: Հարևանները քնել են. միայն «ղազախի» ձայնն է լսվում: Երևի դասն է սովորում:

6

Դիմացը էլեկտրական խոշոր լամպն է, բարձր սյունից կախված: Սպիտակ մշուշը շարժվում է վերերով։ Նա շարժվում է, իսկ թվում է, թե լամպն է օրորվում։ Եվ մշուշը մաղում է նուրբ անձրև։

Լևոնը գոհ էր, որ շինելը վերցրեց։ Եվ գոհունակությունը նա արտահայտում է ձեռքերը գրպանը կոխելով, թևերն ավելի սեղմելով իրանին:

Նա գլուխը վեր բարձրացրեց։ Դիմացի սպիտակ տունը ձգվել էր և ավելի բարձր էր թվում մշուշի մեջ: