Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/517

Այս էջը հաստատված է

Վերի հարկում մի քանի պատուհաններ լուսավոր էին. նրանք մշուշի միջից էին երևում, և կարծես մի ուրիշ տան հարկ էր։

Մշուշն անցնում էր ծվեններով։ Ահա մեկի վերջին քուլաները՝ շղարշի նման թափանցիկ։ Նրանց արանքից երևում են աստղերը։ Իսկ Արարատի լերկ կատարը շողշողում էր աստղերի լույսից։ — Ճշմարիտ էր Մաջիտա մայրիկը... վաղը արև պիտի անի։

Լևոնը մայթի վրայով գնաց դեպի վեր։ Առվի եզերքին փոքրիկ լորիներ էին, իրարից հավասար հեռավորության վրա, Լևոնը հիշում է նրանց տնկելը:

Աշնանը ծառերը տնկեցին, հաջորդ գարնանը նրանք բոլորն էլ ծաղկեցին, բացի մեկից։ Գիշերն անցնող սելվորները այդ մեկը կտրել էին ճիպոտի համար։

Հիմա ծառերը չորացել են... Երկրորդ գարունն է։ Տասը գարուն հետո նրանք այնքան կբարձրանան, որ կհասնեն երկրորդ հարկի պատուհաններին, և մարդիկ լորիների հովի տակ անց ու դարձ կանեն։ Փողոցը կդառնա անփոշի, մաքուր, լորիների փողոց, նրանք էլ կծաղկեն ինչպես ծիրանին...

Լևոնը ձեռքը մեկնեց մի ծառի. մատներով սեղմեց։ Ծառին ոչինչ չասաց, որովհետև ծառի հետ չեն խոսում բայց եթե խոսեր, նա աշխատանքի մարդու անսահման ուրախությունը պիտի հայտներ, որ ծառերը մաքրում են օդը, հով են տալիս և շոյում են աչքերը։

Լևոնը կտրեց փողոցը, զգուշությամբ կոխելով անձրևից թրջված և լապտերների լույսից փայլփլող սալքարերը։ Դիմացը վիթխարի շենքն էր, որի կեսը դեռ չեն ծածկել: Մյուս կիսում աշխատում էին ցերեկները։ Մի քանի պատուհան լուսավոր էր։

Լևոնը նայեց... Դեռ չսպիտակացրած սենյակում սեղանի վրա գլուխը կռացրել էր Սողոմոնը։ Նա կամ հաշվում էր, կամ գրում: Միայն ձեռքն էր շարժվում: