Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/536

Այս էջը հաստատված է

դառնում, տնքում, ասես պառավի ոսկորները փշերի վրա էին: Փոքրիկ Եփոն էլ քնի մեջ, շրթունքներն իրար տալով, ծծում էր տաք ապուրը։

Ծեգը դեռ չէր բացվել, երբ Միկին ճրագը ձեռին մտավ գոմը, Չալկային փալանեց ու դուրս քաշեց։ Հարևան բակերումն էլ ճրագներ էին երևում, ինչ-որ ձայներ էին գալիս: Միկին ճանաչեց Սաքու տղայի ձայնը։ Սաքու տղան բարկացել էր հարսի վրա, թե ինչու չվանը ժամանակին չի գտել։

Դռանը կանգնել էին Շարմաղ բիբին, կինը և նրա փեշից բռնած, առավոտյան հովից սփրթնած քնաթաթախ Շողերը, որ չէր լսել մոր խոսքին, լաց լինելով հագել էր շորերը և դուրս եկել։

Չալկան գոմից երբ դուրս եկավ, վրնջաց, ականջները խլշեց: Շարմաղ բիբին ձեռքով կրծքին խփեց և հազիվ լսելի ասաց.

— Ջա՜ն,— ու սրբեց արցունքոտ աչքերը: Շողերը մոտ վազեց, գետնին թափած երեկվա խոտի փշրանքներից մի բուռ մոտեցրեց ձիուն: Չալկայի տաք մռութն այնքա՜ն դուր եկավ Շողերին։ Միկին ճամփի պաշարն էր պնդացնում փալանի վրա և, պարանը քաշելով, տնեցիներին պատվիրում, որ այծերը հեռու չքշեն, որ արև լինելուց խոտի կիտուկները շրջեն և, եթե ջրի հերթն իրենց տան, լոբու մարգերն անպատճառ ջրեն: Հենց այդ խոսքին էր, երբ ներքևից լսեց Սաքու տղայի ձայնը՝

—Միկի, բա չպրծա՞ր...

— Եկա, եկա...

Եվ Չալկային քաշեց: Տնեցիք դանդաղաքայլ հետևեցին, ասես տնից դագաղ էին հանում: Շարմաղ բիբին մի գլուխ լալիս էր. լաց էր լինում և Շողերը հենց այնպես, որովհետև լալիս էր մայրը: Փողոցին չհասած, մայրը լսեց Եփոյի ձայնը՝

— Ապ՛ի, ա՛պի...