իրենց զորամասում տեսել է և ճանաչել իր հորեղբոր ձիուն։
— Տես է՜ ... Որտեղից որտեղ...
— Կպատահի, ինչ կա որ...
— Տեսնես ձին էլ ճանաչել է՞...
— Չէ՜ մի՝ եկել, վզովն ա ընկել...
Քիչ հետո ձիավորները հասան Կաթնաղբյուր և Գիլանց Մուքու առաջարկով իջան ջուը խմելու, մի քիչ հաց ուտելու և ձիերին էլ արածացնելու աղբյուրից ներքև ընկած արոտներում։
Արևը բավական բարձրացել էր: Միկին քարի ստվերում թիկն էր տվել, աչքը գցել արածող ձիերին։ Գյուղի ձիերի Հետ Չալկան էլ էր արածում...
Միկին աչքի տակով համեմատում էր իր ձիու բարձրությունը մյուս ձիերի հետ։
— Թե Գիլանց Մուքու ձին հավասարվի Չալկայի հետ... Թե չէ՝ նրանից կարճ չկա...
— Միկի, հրեն,— ասաց բրուտի տղան։
Միկին գլուխը ետ դարձրեց։ Ձին խաղացնելով, հեռվում երևաց Կոստանդը: Երևում էր, որ ձին արագ էր վազում և ոտքերի տակից փոշի հանում։ Թամքի վրա Կոստանդը վեր ու վար էր անում, մեկ առաջ կռանում, մեկ էլ ետ ձգվում և սանձը քաշում։ Կոստանդի սպիտակ ձին, առաջի ոտերը խաղացնելով, թռչում էր քարերի վրայով, գլուխն աջ ու ձախ դարձնում, փորձում սանձն ազատել հեծվորի ձեռքից։ Արևը դիմացիցն էր, և արևի տակ թամքի արծաթ ասպանդակներն ու կապերը փայլփլում էին։
Ձիավորների խոսակցությունը դադարել էր։ Բոլորն էլ նայում էին նրա կողմը։ Շուղունց Աքելի բերանում հացի պատառը սառել, մնացել էր։
— Ա՜յ, ձի... Հազար մանեթ գին ունի...
— Տերն էլ պակաս փող չունի...
— Էտ ձին ինձ տան՝ կռիվ չգնացողը մարդու տղա չի,— ասաց բրուտի տղան։