Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/547

Այս էջը հաստատված է

էին մնացած ձիերի փալանները։ Գյուղացիներից շատերն իրենք էին շալակել ձիերի տոպրակներն ու սանձերը։

Ազատված ձիերը, որոնցից երեքը մորուց ծուռ ոտ էին, մեկի մեջքն էր ընկած, երկուսն էլ քոս էին, Սարվանենց ձին էլ պառավ էր, իսկ Հաբիդանց պառավի ձիու երկու կողքաճաղը չկար,— ազատված ձիերը բեռան տակ հազիվ էին քայլում։

Լուռ և անխոս քայլում էին գյուղացիք։ Նրանցից մեկն ու մեկը երբեմն կանգնեցնում էր ձին, բեռն ուղղում կամ թե ետ էր ընկնում, տրեխի թելը կապում։

Միկին գլուխը կախ քայլում էր մյուսների հետ: Բրուտի տղան էլ էր սուս, որովհետև ոչ ոք սիրտ չուներ լսելու նրան։

Միկին միտք էր անում՝

— Հենց իմ փիսությունս մնաց...

Շալակի տոպրակից ու սանձից Չալկայի քրտնահոտն էր գալիս։

— Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ա... Յարաբ, տեսնես արյունը կտրե՞ց...

Ձեռքին պինդ բռնել էր ստացած թուղթը:

Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, վառել հազար գույնով։ Կաթնաղբյուրի մոտ նստոտել էին բեզարած գյուղացիք: Ոմանք հացի փշրանքներն էին ուտում, ոմանք էլ լուռ թիկնել էին տոպրակների վրա։ Մութն ընկնելու մոտ էր. ճանապարհ դեռ շատ կար։

Հանկարծ Կաթնաղբյուրի մոտ սմբակների պողպատ նալերը զրնգացին։

Կոստանդ աղեն էր, սպիտակ ձիու վրա...

Միայն Շուղունց Աքելն էր, որ կեսբերան պատասխանեց նրա բարևին։ Մյուսները բերան էլ բաց չարին։ Բրուտի տղան, աչքը դիմացի սարին գցած, մտքերի հետ կռիվ էր տալիս:

— Տեսա՞ր, Միկի, սև ու սպիտակը...

Միկին չպատասխանեց։ Սպիտակ ձին խաղալով էր սլանում, ասես սմբակները գետնին չէին դիպչում։ Ու եթե