Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/558

Այս էջը հաստատված է

դռան ձևերի: Այս տարբերությունները նույնպես չեն նշված։ Կամ` նույն շարքի պատմվածքների սկզբնական հրապարակումներում կան այսպիսի ձևեր՝ ճամբա, օճախ, մռաց, ճպացնելով, բացօթյա, կեր ու խnւմ, ջարդ ու փշուր, ծուռ ա մուռ, խառն ու խուռն, աջ ու ձախ, անց ու դարձ, կես գիշերին, երբոր, բեխ. դոլմա, կոկարդ և այլն, որոնք «Մթնաձոր» ժողովածուի մեջ հաճախ տպվել են փոփոխված՝ քամպա, օջախ, մոռաց, ծպպացնելով, բացօթյա, կերուխում, ջարդուփշուր, ծուռումուռ․ խառնիխուռն, առուծախ, անցուդարձ, կեսգիշերին, երբ որ, բեղ, տոլմա, կակարդ: Այս կարգի տարբերությունները ևս նշված չեն։

Ուղղագրական տարբերություններից ներկայացված են միայն այնպիսիք, որոնց ոճական արժեքն ակնհայտ է. օրինակ, «Մթնաձոր» և «Անձրևը» շարքերի պատմվածքներից մի քանիսում առաջին հրապարակման մեջ կան՝ քցի, քցում բարբառային ձևերը, որոնք հետո մեծ մասամբ դարձել են գցի, գցում (թեև երբեմն էլ հակառակն է կատարված)։ Մյուս կողմից՝ պատմվածքների առաջին տարբերակների լույս, աղբեր, կոոպերատիվ ձևերը հետո բարբառայնացվել են՝ լուս, ախպեր, կապերատիվ և այլն։ Այսպիսի ուղղագրական տարբերությունները նաև ոճական են, ուստի բնագրային տարբերակներում ներկայացված են։

գ) Չեն ներկայացված տպարանային վրիպակների մեծագույն մասը։ Օրինակ, «Վանդունց Բադին» պատմվածքի առաջին հրապարակման մեջ տպված է «նա էլ չէր սիրում պիսիր անվանեն, որ որսկան շան պես հոտոտում էր.․.»։ «Մթնաձոր» ժողովածուի տարբերակում (նաև տպարանային ձեռագրում) ունենք․ «նա էլ չէր սիրում պիսիր Ավանին, որ որսկան շան պես հոտոտում էր»։ Առաջին տարբերակում անվանեն ակնհայտ վրիպակ է: Նույն պատմվածքի առաջին տպագիր տարբերակում հավ-ը վրիպակով հակ է տպվել («երկու խոսք գրելու համար մի հակ առնել»), որ ճշտված է պատմվածքի՝ ժողովածուի մեջ տպված տարբերակում։ Միայն այն դեպքում, երբ շատ ակնառու չէ, որ տվյալ տարբերության պատճառը անպայման տպագրական վրիպակն է կամ՝ երբ բնագրային հատվածի տվյալ տարբերակի վրիպակ լինելը թեկուզ փոքր կասկածի տեղիք կարող է տալ, տարբերությունը նշված է։

դ) Չեն նշված որոշիչ հոդի ը և ն ձևերից մեկի կամ մյուսի գործածությունից գոյացած բնագրային տարբերությունները. ինչպես, օրինակ, «Մթնաձոր» պատմվածքի առաջին հրապարակման մեջ ունենք. «Պանինն անտառ չպիտի գար», «ոտքն արջի դիակի վրա», որոնք երկրորդ հրապարակման մեջ դարձել են՝ «Պանինը անտառ չպիտի գար», «ոտքը արջի դիակի վրա»։ Հիմք կա ենթադրելու, որ այս փոփոխությունները հեղինակային չեն։ Դիտվում է, որ «Մթնաձոր» ժողովածուի մեջ ձայնավորով սկսվող բառերից առաջ նախնական, այդ թվում տպարանային բնագրերում եղած ն-երը գրեթե միշտ փոխարինված են ը-ով, որ, հավանաբար, սրբագրիչի կամ խմբագրի փոփոխումներն են։

ե) Բնագրային մի շարք տարբերություններ գոյացել են ետ-հետ. ետև-հետև զուգահեռ ձևերի՝ Բակունցի ժամանակ հայերենում չկանոնավորված գործածությամբ (այդ գործածությունները այժմ էլ լիովին կանոնավորված չեն)։ Ոչ միայն երկի տարբեր հրապարակումներում, այլ նաև նույն հրապարակման մեջ առկա են նման զուգահեռություններ։ Մերթ հեղինակն է այդ ձևերը անհետևողական