Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/620

Այս էջը հաստատված է

անմիջապես հետո խոսք է բացվում անտառապահի մասին։ «Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով...»,— և ապա արվում է այդ զարհուրելի մարդու դիպուկ նկարագիրը։ Դրանից հետո է միայն խոսվում որսորդ Ավու մասին։ Պատմվածքում Ավին դառնում է ոչ թե դժբախտ պատահարի զոհ, այլ Պանինի դաժանության զոհը: Սա է այն էականը, որ մուծել է Բակունցը որսորդական այս պատմության մեջ։

Եթե Բակունցը ոչ թե մի, այլ երկու ոչ որսորդ գյուղացի ուղարկեր անտառ, այն էլ վիրավոր արջ սպանելու դիտավորությամբ (ինչպես իրականում է եղել), չէր ստացվի խուլ անտառում հայ գեղջուկի ու բռնակալ Պանինի երես առ երես հանդիպման շնորհիվ ստեղծվող հակադրությունը, չէր ստացվի նաև գեղջուկ որսորդի նկատմամբ Պանինի ծայր արհամարհանքից առաջացած ողբերգությունը և, առհասարակ, չէր ստացվի «Մթնաձոր»։

Երկի բովանդակության կենտրոնում է որսորդ Ավու և Պանինի հակադրությունը։ Մի կողմում Ավիի անտրտունջ խոնարհությունն է, մյուսում Պանինի ուժն ու անգթությանը հայ գյուղացու նկատմամբ։

Ավին հայ հին գյուղի՝ Մթնաձորի բնորոշ ներկայացուցիչն է հակադրված Պանինին՝ Մթնաձորում օտար այդ մարդուն։ Պատմվածքում, գործ ունենք հայոց Մթնաձորի՝ անցյալի հայ գյուղացիության ու նրա վրա դարերով իշխող օտար բռնապետության հակադրության հետ։ Սա է հեղինակի գլխավոր մտահղացումը, որի համար էլ օգտագործված է շիկահողցի Գաբրիելի հետ տեղի ունեցածը։

Այժմ փաստեր չունենք, բայց և չենք կասկածում, որ նախակերպար ունեցել է նաև անտառապահը. ինչ֊որ տեղ Բակունցը պետք է հանդիպած լինի այդպիսի մի մարդու, որին և վարպետորեն մտցրել է Մթնաձոր, առնչել որսորդ Ավու հետ։

Արվեստագետը ոչ թե որսորդական պատահարը «սիրունացրել», ծաղկեցրել» է, այլ նրա օգնությամբ արտահայտել է ավելին, քան կարող էր իր մեջ պարփակվեր պատահարի մի սովորական վերապատմումը։ Ստեղծվել է բովանդակությամբ խորունկ երկ, միաժամանակ դեպքերի ու դեմքերի իրականից արված «նկարահանումները» պատմվածքը դարձրել են իրապատում և տպավորիչ։

Բակունցը իր բազմաթիվ ճանապարհորդությունների և գյուղացիների հետ ունեցած զրույցների ժամանակ շատ ուրիշ որսորդական պատմություններ է լսել, բայց օգտագործել է այս մեկը, որը ամենից հարմար է եղել մտահղացումն արտահայտելու համար։ ֊Հետաքրքրական է, որ Ծատուրյանի հուշերում խոսվում է նույն ուղևորության ժամանակ գրողի նաև այլ հանդիպումների ու լսած պատմությունների մասին։ Այսպես, Ներքին Հանդ գյուղում մի որսորդ, Ավագ անունով, Բակունցին մի քանի գրավիչ որսորդական պատմություններ է անում, որոնք գրողը լսում է հափշտակությամբ. «Բակունցն ուզում էր էլի լսել Ավագի պատմածները, բայց Կարապետյանը շտապեցրեց, մենք երկուսով գնացինք գյուղխորհրդի գրասենյակը գյուղի հարցերով զբաղվելու, Բակունցը մնաց Ավագի հետ զրուցելու»։ Ավագի պատմություններից մեկն, օրինակ, այն մասին է եղել, թե ինչպես մի, որսի ժամանակ որսորդները նկատում են արջին, որը գերան է դնելիս լինում ձորի մի ափից մյուսը և ապա մի մեծ քար է վերցնում, որ իր «պատրաստած»