Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/629

Այս էջը հաստատված է

բակունցյան ոճի և գեղարվեստական մտածողության բնորոշ արտահայտությունն են։ Դժվար չէ նկատել, որ Դիլան դայու և անտառապահի (յասաուլի) հանդիպման տեսարանը նման է «Մթնաձոր» պատմվածքում Ավու և Պանինի հանդիպմանը, ընդ որում, «Միրհավի» այդ հատվածի 1927 թ. տարբերակը շատ ավելի է հիշեցնում «Մթնաձորի» (որի այդ թվականի տարբերակը վերջինն է) հիշյալ տեսարանը. ինչպես և նախապես զարհուրելի պատկերված յասաուլը՝ նույնքան զարհուրելի Պանինին։

«Միրհավը» գրելու ստույգ ժամանակը որոշելը դժվարանում է հետևյալ պատճառով։ «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ տեղ գտած պատմվածքների տակ հեղիեակը գրել է տարեթվեր, որոնք ցույց են տալիս, թե երկը երբ է գրվել և վերամշակվել։ Եթե գրված է երկու տարեթիվ, առաջինը ցույց է տալիս երկը գրելու, երկրորդը՝ վերամշակելու տարեթվերը[1]։ «Միրհավի» վերջում գրված է 26-32, որ նշանակում է, թե պատմվածքը 1926 թվականին է գրվել։ Բայց կան այդ թվականը կասկածի ենթարկելու հանգամանքներ։ Առաջինն այն է, որ «Սև ցելերի սերմնացան» ժողովածուի մի քանի թվականներ ակնհայտորեն սխալ են. օրինակ, ըստ այդ թվականներից մեկի «Ալպիական մանուշակը» հիմնական վերամշակման է ենթարկվել 1927-ին, որ դժվար է պատկերացնել, քանի որ այդ թվականին պատմվածքը երկու անգամ «Խորհրդային Հայաստան» օրաթերթում և «Մթնաձոր» ժողովածվում տպագրվել է (մասնակի տարբերություններով), և հնարավոր չէ, որ այդ նույն թվականին էլ հեղինակը պատմվածքը արմատական մշակման ենթարկած լինի մի նոր տպագրության համար (որը եղավ 1933-ին)։

1926-ը իբրև «Միրհավը» գրելու թվական կասկածի տակ առնելու ավելի լուրջ պատճառն այն է, որ Բակունցի կնոջ՝ Վարվառա Չիվիջյանի վկայությամբ, ամուսինը «Միրհավ» պատմվածքը իրեն է մատուցել 1924 թ. մարտի 9֊ին, իբրև ծննդյան օրվա նվեր:

Անկասկած է, որ պատմվածքի համար հիմք է ծառայել ինչ-որ իրողություն, ինչպես և Դիլան դային ու Սոնան ունեցել են իրական նախակերպարներ, Բակունցի «Գավառական նամականի» ակնարկաշարի երրորդ ակնարկը (Մարտակոչ, 1925, N 89) կարծես որոշ տեղեկություն տալիս է «Միրհավի» նախակերպարի մասին։ Ակնարկը բաղկացած է երեք մասից, որոնցից երրորդում գլխավոր դերը կատարում է մի ծեր գյուղացի՝ Դիլան դայի անունով։ Նրա հետ միասին հեղինակը գիշերով անցնում է Ուզուն մեշա կոչվող անտառով և ապա

  1. Որ այդ տարեթվերից առաջինը ցույց է տալիս ոչ թե երկը առաջին անգամ տպագրելու, այլ՝ գրելու թվականը, երևում է հետևյալից․ «Ալպիական մանուշակի» տակ գրված է 25 — 27։ Առաջին անգամ այս պատմվածքը տպագրվել է 1927 թ. հունվարին (ուրեմն 25-ը տպագրության թվականը չէ)։ «Խոնարհ աղջիկը» պատմվածքի տակ գրված է 26 —28: Այդ պատմվածքը առաջին անգամ տպագրվել է 1927 թ․ փետրվարին. Մնում է ենթադրել, որ աոաջին դեպքում 25-ը, երկրորդում 26-ը երկը գրելու ժամանակն են ցույց տալիս։