Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/630

Այս էջը հաստատված է

գիշերում Զեյվա գյուղում, նույն Դիլան դայու տանը: Երկար զրուցում է նրա հետ: Դիլան դային բնության ուժեղ զգացողություն ունի և սեր բնության նկատմամբ: «Է՜, էս ճանապարհով հազար անգամ եմ անցել... Հրես մեռնելու եմ, համա աչքս մեջին կարոտ մնաց»,— ասում է նա անտառով անցնելիս: «Օրեր տեսած, կյանքում եփված»,— այսպես է նա բնութագրված ակնարկում: Եղել է չարքաշ աշխատավոր, զգացել է «ստրաժնիկի» մտրակի հարվածների «զորությունը» («որ մի քիչ ետանում էի պլետով էր տալիս»): Ինչպես տեսնում ենք, ընդհանրություններ կան այս Դիլան դայու և «Միրհավի» հերոսի միջև: Եվ կարելի էր վստահ ենթադրություն անել, որ հենց «Գավառական նամականիում» նկարագրված Դիլան դային է եղել «Միրհավի» նույնանուն հերոսի նախակերպարը։ Ծերունին կարող էր իր կյանքի շատ դրվագների հետ Բակունցին պատմած լինել թերևս ամենակարևորի՝ Սոնայի նկատմամբ, տածած սիրո, ինչպես նաև հնձանի դիպվածի, վիրավոր միրհավի ու սիրած էակի մահվան մասին։ Բակունցը ծերունի Դիլանի սիրո պատմությունը, նրա կյանքի այդ, թերևս, ամենապայծառ էջը ակնարկում կարող էր չներկայացնել և դարձնել պատմվածքի նյութ։ Այս ամենը կարելի էր գրեթե հավաստի համարել, եթե չլիներ Վ. Չիվիջյանի վերոհիշյալ վկայությունը 1924 թ. մարտի 9-ի վերաբերյալ։ Ակնարկը «Մարտակոչում» տպագրվել է 1925 թ. ապրիլի 19-ին։ Միաժամանակ ակնարկից իմանում ենք, որ հեղինակը «Ուզուն մեշայով» Զեյվա է գնացել ձմռան վերջին, գարնան ամենասկզբին, երբ դեռ ձյունը նստած էր («Ձյունը փայլում է լուսնի լույսի տակ»)։ Դա կարող էր փետրվարի վերջը լինել, և դրանից հետո հեղինակը կարող էր գրել «Միրհավը» ու մարտի 9-ին մատուցել կնոջը: Միայն այս դեպքում պետք է ենթադրել, որ Վ. Չիվիջյանի հիշողությունը մի տարով առաջ է գցել նվերն ստանալու օրը:

Վ. Չիվիջյանը իր հուշերը մեզ մանրամասն շարադրել է 1959 թվականին։ Նրա հիշողությունը լավ էր պահպանել անցյալի բազմաթիվ դրվագներ՝ ճշգրիտ թվականներով: Բայց և այնպես, «Միրհավին» վերաբերող հուշը այն ժամանակ ավելի քան 30 տարվա վաղեմություն ուներ, և եթե մարտի 9-ին ծննդյան օրվա առթիվ «Միրհավն» իբրև նվեր ստանալը կարելի է միանգամայն վստահելի հուշ համարել, ապա տարեթվի ստույգ լինելու վրա կարելի է, այնուամենայնիվ, կասկածել. գուցե այդ նվերը մատուցվել է 1925-ի մարտի 9-ին։ Այդ դեպքում Դիլան դայու նախակերպարի մասին վերոհիշյալ ենթադրությունը լիովին հիմնավոր կարող է համարվել։


Էջ 72, տող 1 (և այնուհետև). Միրհավ — Փասիան թռչունի մի տեսակն է, որ տարածված է Զանգեզուրում: Ղարաբաղի բարբառով (նաև Զանգեզուրի խոսվածքով) մըրհավ է արտասանվում. միրհավ հազվագյուտ գործածվող ձև է:


ՀԱՆԱՎԱՆՔ

(Էջ 84)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1926, 10 ապր., № 84, ՏՄՕ, Մժ:

Տպագրվում է ըստ Մժ-ի բնագրի: Կատարված են հետևյալ ուղղումները.